Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իսրայէլ յարաբերութիւնների մասին

Նոյեմբեր 15,2018 13:25

Նախկինում տարբեր հարթակներում՝ «Առաւօտի» էջերում, Թուիթերում եւ մասնաւոր զրոյցներում, առիթ եմ ունեցել անդրադառնալ մի կնճռոտ հարցի, որը շուտափոյթ շտկման կարիք ունի եւ առաջին հերթին մեր՝ հայկական կողմից: Խօսքս Հայաստան-Իսրայէլ յարաբերութիւնների եւ առհասարակ Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ դրա տարածաշրջանային բաղադրիչի մասին է: Տարիներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքանակութիւնն աչքի է ընկել կրաւորական գործելաոճով. մի քաղաքականութիւնն, որն իրեն սպառել է: Մեզ, այն էլ թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ, անհրաժեշտ է նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւն: Շատ հեռու չգնանք. շաբաթներ առաջ մէկ օրուայ տարբերութեամբ երկու եռակողմ հանդիպում կայացաւ Կոստանդնուպոլսում մեր բոլոր չորս հարեւանների մասնակցութեամբ եւ Հայաստանն այստեղ բնականաբար բացակայում էր: Ցաւով պիտի նշեմ, որ Հայաստանի մեկուսացումն օր օրի մեծանում է եւ սրա դէմ պէտք է քայլեր ձեռնարկել: Նախկինում բազմակողմ հանդիպումների տարբեր ձեւաչափեր կային Յունաստանի, Կիպրոսի, Իրանի, Թուրքմենստանի մասնակցութեամբ, որով քիչ թէ շատ կարող էինք հաւասարակշռութիւն մտցնել տարածաշրջանում: Այսօր դա էլ չկայ: Տարածաշրջանում բոլորը բոլորի հետ հանդիպում են, համագործակցում են եւ Հայաստանը կարծես օդում կախուած լինի: Վերջերս մեր ԱԳՆ-ն լուր էր տարածել, թէ Հայաստանն ուշի ուշով հետեւում է Իրանի դէմ կիրառուող պատժամիջոցներին եւ «մշտական կապի մէջ է այս գործընթացում ներգրաւուած բոլոր կողմերի հետ» (https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2018/11/06/naghdalyan_iran/8675): Թուիթերում պատախանել էի, թէ ինչպէ՞ս կարող էք բոլոր շահագրգիռ կողմերի հետ մշտական կապի մէջ լինել, եթէ Հայաստանը յարաբերութիւններ չունի 5 այդպիսի երկրների հետ, որոնցից 4-ը Իրանի անմիջական հարեւանն են (Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան եւ Սաուդիան Արաբիա), իսկ 5-րդ «շահագրգիռ» երկիրը Իսրայէլն է: Ուրեմն, ինչպէս կ’ասէր մեծն Սարոյեանը «ինչ որ մի տեղ ինչ որ մի բան սխալ է»: Թուարկածս չորս երկրների հետ միգուցէ դժուար է այսօր երկխօսել, սակայն ի՞նչն է խանգարում լուրջ յարաբերութիւններ զարգացնել Իսրայէլի հետ՝ մասնաւորապէս եւ առաջին հերթին Հայաստանի դեսպանութիւն բացել Իսրայէլում:

Հայերի շրջանում մի անհեթեթ կարծրատիպ կայ, թէ դրանով կը գրգռենք մահմեդական աշխարհը: Ուզում եմ վստահօրէն նշել, որ դա բացարձակապէս թիւրիմացութիւն է, մանաւանդ, որ բազմաթիւ մահմեդական երկրներ հէնց իրենք լաւ յարաբերութիւններ ունեն Իսրայէլի հետ: Հայաստանի համագործակցութիւնը որեւէ երկրի հետ (այդ թւում՝ Իսրայէլի) երբեք ուղղուած չի եղել եւ չի լինի որեւէ երրորդ երկրի դէմ: Հայաստանը խաղաղասէր երկիր է եւ կարող է իր ծանրակշիռ ներդրումն ունենալ տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգութեան ապահովման հարցերում՝ բարենպաստ հարթակ դառնալով զանազան երկխօսութիւնների:

Նայելով Իսրայէլում գործող դեսպանատների ցանկը՝ ակամայ յիշում ենք անցեալը, երբ Հայաստանը միջազգային կառոյցներում քուէարկելիս, յաճախակի յայտնւում էր անցանկալի երկրների շարքում: Մօտաւորապէս նոյն իրավիճակն է այստեղ: Գրեթէ բոլոր զարգացած եւ ժողովրդավար երկրները դեսպանատներ ունեն Իսրայէլում, իսկ Հայաստանը «հակառակ ճամբարում է»:

Հայաստանն Իսրայէլի հետ փոխշահաւէտ համագործակցութեան մեծ ներուժ ունի եւ Փաշինեանի կառավարութեան կողմից խելամիտ չի լինի այդ փաստն անտեսելը: Ուստի անհրաժեշտ է նախ եւ առաջ դեսպանութիւն բացել այդ երկրում:

Իմ տպաւորութեամբ այս գաղափարը կարող է հետաքրքրել Իսրայէլի քաղաքական շրջանակներին, եթէ հաշուի առնենք, որ միւս տարուայ նոյեմբերին Քնեսեթի ընտրութիւններ են լինելու: Հնարաւոր է, որ այդ հերթական ընտրութիւնները վաղաժամ դառնան՝ կապուած Իսրայէլում ներքաղաքական զարգացումների հետ: Որպէսզի ընթերցողներն աւելի լաւ պատկերացնեն՝ համառօտ ներկայացնեմ իրավիճակը: Անցած օրերին մեծապէս սրուեց Իսրայէլ-Համաս լարուածութիւնը, որի հետեւանքով երկու կողմից էլ մարդկային զոհեր եղան: Եգիպտոսի եւ ՄԱԿ-ի միջնորդութեամբ Նեթանյահուի կառավարութիւնը համաձայնեց հրադադար հաստատել, ինչին կտրականապէս դէմ էր Պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանը: Հետեւանքը եղաւ այն, որ Լիբերմանը, որն ի դէպ յայտնի է իր ադրբեջանամէտ կեցուածքով, լքեց նախարարի պաշտօնը, եւ իր կուսակցութիւնը («Իսրայէլը մեր տունն է») լքեց Նեթանյահուի կոալիցիան: Չնայած կոալիցիան դեռ պահպանում է մեծամասնութիւնը Քնեսեթում (61/120), սակայն հնարաւոր է, որ եւս մէկ կուսակցութիւն («Հրէական տուն») լքի կոալիցիան, եթէ չբաւարարեն Պաշտպանութեան նախարարի թափուր տեղն իրենց հատկացնելու պահանջը: Միով բանիւ, հնարաւոր է, որ Իսրայէլում արտահերթ ընտրութիւններ լինեն: Հայաստանում եւս խորհրդարանի արտահերթ ընտրութիւններն են, եւ սպասւում է, որ դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինեանը կը ստանայ ձայների մեծամասնութիւնը եւ կրկին կը դառնայ Հայաստանի վարչապետ: Դրանով թերեւս աւարտւում է յեղափոխութեան առաջին մասը եւ սկսւում է վերակառուցման (լուրջ եւ լարուած աշխատանքի) փուլը՝ այսինքն իրականացնել շօշափելի բարեփոխումներ: Իսկ դա նշանակում է նաեւ նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւն: Այդ առումով տարածաշրջանային մակարդակում կարեւոր հարց է Իսրայէլի հետ յարաբերութիւնները բարելաւելը, այն է՝ առնուազն մեր կողմից դեսպանատուն բացելը: Յուսով եմ, որ նոր կառավարութիւնը ճիշտ կը գնահատի իրավիճակը եւ աչքաթող չի անի այս հարցը:

 

Դր. Արթուր Լազարեան

Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930