Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաց նամակ ԿԳ նախարարի տեղակալին. «Քննության ժամանակ չի կարելի գնահատել համակրանքով»

Նոյեմբեր 15,2018 13:11

Անկեղծ ասած՝ արդեն որոշել էի դուրս գալ պայքարի շրջանակներից, և ոչ այն պատճառով, որ համոզված չեմ իմ պահանջների արդարացիության մեջ, ուղղակի պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնց պայքարը միշտ սեփական անձի հետ է լինում, միշտ կարողանում եմ կանգ առնել, երբ հասկանում եմ, որ մտքերս ու ցանկություններս բախվում են կարծրատիպերի։ Կանգ եմ առնում, որովհետև կյանքում կան ավելի թանկ արժեքներ, քան կոչումներն ու հավաստագրերն են, և միակ ցանկությունս է բարձրանալ ինքս իմ աչքում։

Տիկին Առաքելյան, Ձեր արծարծած մեկնաբանությունները փորձ էին ինձ իմ աչքից գցելու։ Հարգելիս, հիշեցնեմ, որ հեղափոխությանը ակտիվ մասնակցելու մասին խոսել եմ ես։ Գաղտնիք չէ, որ քննություններին նախապատրաստվելը խլում է մեծ էներգիա և նույնիսկ առողջություն։ Հատկապես, երբ քննությունները հետաձգվում են երկու ամսով, և, առավել ևս, որ այդ ժամանակաշրջանը համընկնում է նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ։ Ասացի, բայց խնդրեցի, որ իմ խոսքերը չդիտվեն որպես շահարկություն։ Ավաղ, Դուք շահարկեցիք իմ ասածը։

Նշում եք, որ ես չեմ բողոքարկել «գիտելիքի թեմայով»։ Գուցե ինչ-որ բան մոռացե՞լ եք․․․ Ես պահանջեցի իմ պատասխանի ձայնագրությունը։ Ասացիք, որ այն չկա, ինչը քննական կարգի կոպիտ խախտում է։ Խնդրեցի՝ ինձ տրամադրել գոնե սևագիրս, որը կապացուցեր, որ բոլոր հինգ հարցերին էլ պատասխանել եմ լիարժեք (տոմսում արված բոլոր հարցադրումներին)։ Սևագիրս նույնպես չտրամադրեցիք։ Փոխարենը առաջարկեցիք ստորագրել բողոքարկման դիմումի տակ, նշել, որ համաձայն եմ բողոքարկման արդյունքի հետ (անփոփոխ մնացած և ոչնչով այդպես էլ չհիմնավորված)։

Իսկ ինչպե՞ս համաձայնվեի, երբ ոչ մի ապացույց իմ «ոչ լիարժեք» պատասխանը հիմնավորելու համար այդպես էլ չներկայացրիք։ Հրաժարվեցի ստորագրել։ Ասացիք, որ կվերաքվեարկեք և կիջեցնեք գնահատականս։ Արդյունքում հանձնաժողովի վեց անդամները չփոփոխեցին իրենց նշանակած միավորները, իսկ Գոհար Մամիկոնյանը իր կողմից «սիմպատիայով» ինձ «նվիրած» երեք միավորը ետ վերցրեց։ Արդյունքում՝ 74,47-ը դարձավ 71,47։ Ինչի՞ հիման վրա իջեցրեց, այդպես էլ հանելուկ մնաց։ Եթե այդքան մոտեցել էի անցողիկ շեմին, այդ ի՞նչպես պատահեց, որ նրա կողմից չստացա ոչ մի միավոր, այսինքն, չէի՞ պատասխանել ոչ մի հարցի․․․

Այդ օրը քիչ էր մնում հիասթափվեի վերջին տարիներին փայփայած և վերջապես իրականություն դարձած երազանքիցս․ ԱՊՐԵԼ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Հետո սթափվեցի․ ի վերջո բոլորս մահկանացու ենք, անցողիկ ենք։ Անցողիկ են մեր բոլոր խնդիրներն ու հույզերը, մնայուն է մեր սերը դեպի աշխարհը, մարդիկ, հավատը, արժանապատվությունը, սերը դեպի մեր զավակների արժանապատիվ ապագան։ Փորձեմ անել մի քանի նկատառում․

1.Երբ բողոքում են մի խումբ մարդիկ, կամ նույնիսկ մեկը, ապա նրանց խոսքը պետք է լսել, ոչ թե քարկոծել՝ այդպես էլ չհիմնավորելով։

2.Եթե կա քննական կարգ երկկողմանի պահանջներով, ապա այն պետք է պահպանվի բոլորի կողմից։

3.Եթե, այնուամենայնիվ, համակարգիչը ինչ-ինչ պատճառներով չէր պահել տեսաձայնագրությունը, պատասխանատու կողմը պարտավոր էր անվավեր ճանաչել քննությունը և նշանակել նոր քննություն։

4.Եթե ձայնագրության բացակայության պատճառով հնարավոր չէր բարձրացնել միավորները, ապա իջեցնել նույնպես չէր կարելի։

5.Եթե չես կարող օգնել, ապա գոնե մի վնասիր։

6.Քննության ժամանակ չի կարելի գնահատել համակրանքով (վերջ ի վերջո դա գեղեցկության մրցույթ չէ)։

7.Չի կարելի քննությունն անցկացնել փոփոխված քննակարգով, եթե դեռևս չկա անգամ այդ նոր քննակարգի գնահատման սանդղակ։

8.Չի կարող նույն պատասխանը հանձնաժողովի մի անդամի կողմից գնահատվել 2 (առավելագույն միավոր), մյուսի կողմից՝ 0։ Սա վկայում է կա՛մ սուբյեկտիվ մոտեցման, կա՛մ հանձնաժողովի անդամի կողմից ճիշտ պատասխանը չիմանալու մասին։

9.«Հին օրերում» ընդունված «отмазка-ները, որոնց շնորհիվ ընտրություններ են կեղծվել և երկիրը թաղվել է խավարի ու հուսահատության մեջ, այլևս չպետք է տեղ ունենան մեր Նոր Հայաստանում։

10.Երկիրը կառավարող բոլոր օղակները նույնպես պետք է հանձնեն քննություն, ոչ միայն օրենքների իմացության, այլ նաև ազնվության, իրատեսության, անաչառության իմացության․․․ Որքան բան կա թվարկելու։

 

Վարդուհի ՍԱՐԳՍՅԱՆ

Հ․Գ․ Հանձնաժողովի որևէ անդամի (առավել ևս Աննա Ստեփանյանի) կողմից անձնական վիրավորանք չեմ ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930