Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը պատմեց, թե ինչ է տեսել «Նուբարաշենում». «Հնարավոր բոլոր միջատները վխտում էին պատերով, Օսվենցիմը սանատորիա է դրա համեմատ»

Նոյեմբեր 15,2018 12:55

«Ես ուզում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների շունչը հասնի նաեւ քրեակատարողական հիմնարկներ: Այս նախաձեռնությամբ ցանկանում եմ, որ այն քաղաքացիները, որոնք համաներմամբ չեն զգացել փոփոխությունների շունչը, նրանք նույնպես զգան, որ Հայաստանում բան է փոխվել, զգան, որ այն տարիներին, երբ հերթով են քնել ՔԿՀ-ներում, մենք իրենց կրած անմարդկային վերաբերմունքին բարոյական փոխհատուցում ենք տալիս»,- այսօր ԱԺ-ում «Քրեական օրենսգրքի» քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա իր նախագծով առաջարկում է, որ կալանքի 1 օրը հաշվեն 1,5 օր:

Մարուքյանն ասաց, որ իրավապաշտպան հանրությունը, փաստաբանական համայնքը միշտ քննադատել են, որ կալանքը, որպես խափանման միջոց կիրառվել է նախկինում գրեթե բոլոր գործերով ու մարդիկ 6 ամիս, 1 տարի եղել են այդ պայմաններում: Մարուքյանն ասաց, որ գերբեռնվածության ժամանակ հերթով են քնել կալանավայրերում, միջազգային չափանիշներով խցի քմ-ն չի համապատասխանել խցում եղած մարդկանց քանակին, իսկ դա համարվում է մարդկային արժանապատվությունը նվաստացնող պայմանների մեջ դնել անձին: Ըստ Մարուքյանի, հիմա 4 քմ-ի չափանիշը պահպանված է ՔԿՀ-ներում, գերբեռնվածություն չկա, լուսավորության չափանիշը պահպանված է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ որ ասում եք՝ հնարավորություն տանք մարդկանց, ես կողմ եմ, բայց օրենքը հետադարձ ուժ ունի՞, որ այսօր կալանավորվածների վրա դա ազդի ու 1 օրը 1,5 օր հաշվեն: Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ 2003 ՔրՕր-ում այդ դրույթը եղել է, հետո հանվել է, բայց ինքն առաջարկում է հետադարձ ուժ տալ՝ մինչեւ փոփոխության օրը, որ տարածվի այս պահին քրեակատարողականներում գտնվող անձանց վրա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ օրենսդրական բարեփոխումը պետք է հիմնական շահառուների իրավունքը հաշվի առնի, ոչ թե խաղի կանոն միայն փոխվի: Հիմնական շահառուները այս դեպքում պետությունն է՝ որպես պատժիչ քաղաքականության կրող եւ իրագործող, հանցագործություն կատարած անձը, նաեւ տուժողները, որոնք տուժել են այդ հանցագործությունից: Եթե որեւէ մեկի շահը հաշվի չառնվի, կխախտվի սկզբունքը:

Բայց Պետրոսյանն ասաց, որ ոչ ոք չի ժխտում, որ մեր քրեակատարողականներում այնպիսի պայմաններ են եղել, որ անմարդկային են, դրա դեմ ոչ ոք չի առարկել, ուստի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել այս նախագծին՝ գտնելով, որ եթե պետությունը ժամանակին չի կարողացել պատշաճ կատարել իր պարտականությունները եւ չնվաստացնել կալանավորի արժանապատվությունը, ապա հիմա կարող է գոնե ուղղել իր այդ բացթողումը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ պատմեց, թե ինչ է տեսել «Նուբարաշենի» նախնական կալանավորման համար նախատեսված խցերում. «Քնում էին հերթով, հնարավոր բոլոր միջատները վխտում էին պատերով եւ ամբողջ տարածքով, «Օսվենցիմը» դրա համեմատ կարելի է համարել ամենալյուքս դասի հանգստյան տուն, սանատորիա»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ միանում են նախագծին ու կողմ են քվեարկելու՝ որպես մարդասիրական քայլ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930