Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկավարժը` փոխնախարարին. «Մասնակցում էի քննության, ոչ թե հարցաքննության»

Նոյեմբեր 15,2018 12:45

ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 17-ին ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար քննություն հանձնող մանկավարժների հետ, քանի որ Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մեղադրանքներ էր հնչեցրել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հասցեին, որը ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար պայքարող մանկավարժներին քննող հանձնաժողովի կազմում էր: Նա կարծիք էր հայտնել, որ 30 եւ ավելի տարվա մանկավարժներին անգրագետ ու կիսագրագետ անվանած Աննա Ստեփանյանը իրավունք չունի հանրակրթության վարչության պետ աշխատել:

Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Ալավերդյանն արձագանքել է Լուսինե Առաքելյանին:

«Ես մեկն եմ այն 24 հոգուց, որոնք վերապատրաստման դասընթացներ են անցել «Հույս և ապագա» կազմակերպությունում և, ստանալով վկայական, հոկտեմբերի 17-ին մասնակցել են տնօրենի հավաստագրման քննությանը։

Ի՞նչ եք կարծում, կազմակերպության մեջ հավաքվել էին հանրապետության ապիկար թեկնածուները։ Չէ՞ որ այդ կազմակերպությունն անցած ուղի ունի, վարկանիշ ունի։
Ինչպե՞ս եղավ, որ այս անգամ վերապատրաստվածների 2/3-րդը չարժանացավ հավաստագրի։ Նախադեպը չկա։ Այս տարի գրավոր փուլի նոր կարգ մտցվեց, հանձնում էինք համակարգչով և անմիջապես տեսնում արդյունքը։ Մարդկային գործոնը բացառված էր, ինչի շնորհիվ որևէ մեկը չկտրվեց գրավոր փուլից՝ ցուցաբերելով գիտելիքների իր պաշարը։ Հնարավոր կեղծարարությունը մնաց բանավոր փուլին։ Իբրև թե տեխնիկական պատճառներով չձայնագրվեց գրավոր փուլը։ Այդպես ասում են հենց իրենք՝ հանձնաժողովի անդամները, հանձին հանձնաժողովի նախագահ Լուսինե Առաքելյանի։

Ես 5-րդն եմ եղել քննության ժամանակ և քննասենյակում մնացել եմ 40 րոպե։ Ուզում եմ հիշեցնել այն «փայլուն» սկիզբը և ընթացքը, որ ինձ մատուցեց տիկին Ստեփանյանը՝ հանձնաժողովի նախագահի ներկայությամբ»,-փոխնախարարին ուղղված խոսքում այսպես է ասում տիկին Ալավերդյանը ։

Նաեւ հավելում է. «Աննա Ստեփանյանի խոսքը սպառնալիք էր մեր դպրոցի այն ուսուցչի հասցեին, որը հասկանալով կատարված անարդարությունը (նա խորհրդի անդամ էր մանկավարժական խորհրդի կազմից և չէր ընտրվել ոչ փակ, ոչ էլ բաց քվեարկությամբ) ինքնաբացարկ էր հայտարարել։

Հետո էլ սպառնալիքը ինձ վրա տարածվեց, որ պատասխանատվության ես եմ ենթարկելու նրան։ Ինչու՞, մի՞թե անօրինականությունից հետ կանգնողը պիտի քարկոծվի, իսկ խորհրդի մյուս անդամները, հասկանալով իրենց անօրինական քայլը, շարունակեն մնալ «տաքուկ» խորհրդում. գուցե «մանանայից» իրե՞նց էլ բաժին հասնի։
Տիկին Ստեփանյանը, ինչպես խոստացել էր քննության սկզբում՝ ասելով. «Քննությունից հետո կգցենք տիկին Ալավերդյանի տրամադրությունը», փորձեց գցել՝ նաև հայտարարելով. «Ձեր դպրոցում քաղաքապետն արդեն նշանակել է տնօրեն»։

Տիկին Ալավերդյանի տրամադրությունը ընկավ ոչ թե արդեն տնօրեն ունենալու՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունից, այլ այն ուղղորդված վերաբերմունքից, որին արժանացավ հարցազրույցի ընթացքում։

Չէ՞ որ ես մասնակցում էի քննության, ոչ թե հարցաքննության։

Մի՞թե պախարակելի է հարազատ դպրոցում տնօրեն դառնալու ցանկությունը, հաստատված ավանդույթները պահպանելը, կոլեկտիվի և ծնողական համայնքի վստահությունն արդարացնելը, ժամանակավորապես դպրոցը ղեկավարելը։

Մինչդեռ նույն օրը մեկ այլ ժամանակավոր պաշտոնակատար խրախուսվել է այն բանի համար, որ չի խանգարել այդ դպրոցի մրցույթն իրականանա, և ընտրվել է այն հավակնորդը, ում ցանկացել է տնօրեն տեսնել վերադասը։

Ինչ վերաբերում է Անի Սամսոնյանին, նրա բարձրացրած արդարացի հարցին, նրա քույրը արժանացել է հավաստագրի, բայց դա եղել է մարդկային արժանապատվության ոտնահարումով։ Անի Սամսոնյանի բարձրացրած հարցը բոլորիս հարցն է, նույնիսկ հավաստագիր ստացողների, որոնք կորցրին ինչ-որ կարևոր բան։
ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը՝ լինելով քննական հանձնաժողովի նախագահ, պարտավոր էր պահպանել քննության բնականոն ընթացքը՝ կարգի կետերին համապատասխան։ Մինչդեռ նա ևս ցուցաբերեց կանխակալ մոտեցում, առ այն, որ մեր դպրոցի ծնողական համայնքը բողոքներ էր ներկայացրել։ Նրա մոտեցումը քննական այս խայտառակ փուլին ակնհայտ դարձավ արդեն բողոքարկման ժամանակ։

Հանձնաժողովի անդամները հիմա արդարանում են, որ հավակնորդներին իրենց դպրոցների իրավիճակային հարցեր են տվել, սակայն նախ «դպրոցների իրավիճակային հարցերը» կրում են շատ նուրբ միևնույն ժամանակ սուր բնույթ, որոնք հարցադրվել են հեգնանքով և դրանով մեզնից շատերին հուզմունքի աստիճանի հասցրել՝ մինչդեռ մենք հարցաթերթիկ ունեինք և ըստ կանոնակարգի պետք է պատասխանեինք մեր հարցերին»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Հ.Գ. ԿԳ նախարարի տեղակալին բաց նամակ է հղել նաեւ մեկ ուրիշ հավակնորդ` Վարդուհի Սարգսյանը: Նրա բաց նամակը` հաջորդիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930