Պայքարի մեջ մտնող մյուս ուժերի 99 տոկոսից գրեթե բոլորը հայտարարում են, թե ընդդիմադիր ուժ են, բայց գրեթե բոլորի քննադատական սլաքներն ուղղված են այս տարվա ապրիլին իշխանությունը խաղաղաբար զիջած ՀՀԿ-ի դեմ: Ավելին՝ հիշյալ ուժերի 99 տոկոսը փառաբանել, գովերգել ու որոշակի չափով նաեւ շարունակում է գովաբանել գործող փաստացի իշխանություններին ու հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Հզոր ընդդիմություն են: Նույնիսկ՝ գերհզո՛ր: Առաջին արձագանքն այն է, որ նման պահվածքով աչքի ընկնող ուժերի ու գործիչների հայտարարությունները տեսնելով՝ ոչինչ չես ասի: Մինչդեռ ասելու շատ բան կա:
Սկսենք նրանից, որ արդեն ավելի քան կես տարի իշխանությունը զիջած, ըստ այդմ՝ նախկին իշխանությանը հիմա քննադատելով ընդդիմադիր չեն դառնում եւ չեն կարող այդպիսին ընկալվել:
Այդպիսով միգուցե հնարավոր է փշրանքներ քաղել Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին ստացած դիվիդենտներից ու նրա «Իմ քայլի» շողքի տակ հայտնվել խորհրդարանում: Բայց դա յուրօրինակ քաղաքական հացկատակություն է ավելի շուտ հիշեցնում, քան քիչ թե շատ կշիռ ունեցող ուժին հարիր վարքագիծ։
Քիչ թե շատ կշիռ ու ասելիք ունեցող ուժը, կուսակցությունը առաջին հերթին իր գաղափարաքաղաքական հենքն է ներկայացնում, իր անելիքներն ու պատկերացումները առաջիկա զարգացումների ու, ըստ իրենց պատկերացման, հնարավորությունների վերաբերյալ: Մինչդեռ մենք դեռ տեսնում ենք անցյալի գնահատման, հաճախ խիստ սուբյեկտիվ ու կանխակալ վերագնահատման, այսպես ասած՝ ռեւիզիոնիզմի դրսեւորումներ:
Հարկավ, ոչ ոք չի ասում (կամ որ ասի էլ՝ ինչ փույթ), թե պետք չէ կամ չարժե գնահատել անցյալում կատարվածը, նախորդ իշխանությունների գործունեությունը: Ի վերջո, հրապարակած հայտարարության նախագծով հենց այդ նախորդ իշխանությունը ներկայացրած ՀՀԿ-ն ինքն է որոշակի գնահատականներ ու ամփոփումներ ներկայացնում, ըստ որում՝ թե՛ ձեռքբերումների, թե՛ սխալների ու բացթողումների մասին խոսում: Մյուսներն էլ, իհարկե, ազատ են այդ հարցում:
Այո, բայց ինչ-որ չենք հիշում, որ այժմ սոխակ, իսկ երբեմն անգամ դեղձանիկ կտրած անցյալաքննադատ ուժերը նախ իրենք իրենց սխալներից խոսեին: Բայց դա էլ դեռ մի կողմ: Տվյալ դեպքում ուշադրություն է գրավում այն, որ այդ անձանց եւ ուժերի ամբո՛ղջ ասելիքն է հանգում միմիայն անցյալից խոսելուն: Լավ, դուք անցյալին ներկա ժամանակում ընդդիմանալուց բացի այլ տարբերակ ու ասելիք չունե՞ք:
Հատկանշական է, որ քաղաքական մեկ այլ ուժի, ասպարեզում եղած քաղաքական մրցակցի ֆիզիկական վերացման մասին խոսում կամ դաշտ «ցեցեր են գցում» այնպիսի կերպարներ ու շրջանակներ, որոնք, երբ ՀՀԿ-ն էր հիմնական իշխող ուժը, ազատորեն գործել են, քանի դեռ չեն անցել անթույլատրելիի սահմանը, պարզ ասած՝ ներքին քաղաքական հարցերը չեն փորձել լուծել բռնի ուժի եւ զենքի գործադրման միջոցով:
Ավելին՝ ՀՀԿ-ի գործունեության դադարեցման մասին պատատակերին արտահայտվում են այն շրջանակները, որոնք, եթե թողնես, օրնիբուն միայն ժողովրդավարությունից, ազատականությունից, արդար մրցակցությունից, նման այլ «արեւմտաժողովրդավարական» բաներից կխոսեն, իսկ ոմանք՝ կբարբաջեն:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում