«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է, որ լրատվական կայքերում պետք է արգելվի տոտոների, վիվարոների, շահումով խաղերի գովազդը: Նրա խոսքով՝ «Երբ լրատվական կայքերը բացում ենք ու տեսնում ենք, թե ինչպես են հայտնվում այդ գովազդները, դա չենք ունենա»: Նախագծով առաջարկվում է նաեւ հեռուստառադիոեթերում տոտոների, վիվարոներ գովազդը արգելել ժամը 6-ից 24-ը, այսինքն, միայն գիշերային ժամերին կարող են գովազդել, այնտեղ, որտեղ գովազդը չի արգելվում, պետք է լինի 21+ նշագրում:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարցրեց՝ երբ լրատվական կայքերը բացում ենք ու գովազդ է երեւում, նյութը չենք կարողանում կարդալ, ի՞նչ կարգավորում է նախատեսվել դրա հետ կապված, կոնկրետ չափաբաժի՞ն է տրված: Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ ոչ թե չափերի հետ կապված են փոփոխությունները, այլ՝ բովանդակային. «Վիճակախաղերի կազմակերպիչն իրավունք ունի համացանցում գովազդ տեղադրել, սակայն դրանց գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական, լրատվական կայքերի միջոցով: Մնացած բոլոր կայքերում կարող է գովազդել: Չգիտեմ ինչ կայքեր կմնան, բայց այս կայքերում իրավունք չունեն գովազդել»:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ, ըստ էության, արգելվում է գովազդը բոլոր տեսակի կայքերում՝ մշակութային, սպորտային, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում. «Սրանք էապես նվազեցնելու են այս ոլորտով հրապուրվելու հնարավորությունները: Արտաքին գովազդն իսպառ վերացվելու է: Վիճակախաղերի, շահումով խաղերի կամ խաղատների գովազդներում արգելվում է որեւէ կերպ դիմել անչափահասներին, տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք արգելվում է ներշնչել, թե խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, սպորտային հաջողությունների, քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը եւ այլն: Նման կարգավորումները էապես կարող են փոխել իրավիճակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ