Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպայում հետևում են ներքաղաքական զարգացումներին և սպասում ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքին ու ներքաղաքական կյանքի կայունացմանը։ Ըստ նրա, Եվրոպայում մասնավորապես հետաքրքրությունը պայմանավորված է այն երկկողմ ծրագրերով, որոնք կան Հայաստանի և Եվրամիության օրակարգում։ Զաշտովտի խոսքով, այս ընթացքում ծրագրերն ակտիվ առաջ չեն ընթացել, ՀՀ-ԵՄ համաձայնագրում, որոշ տեղեկությունների համաձայն, փոփոխություններ են տեղի ունենում, մշակվում, և այլն։
«Եվրամիությանը հետաքրքրում է, որպեսզի համագործակցությունը կայուն շարունակվի, հետաձգումներ չլինեն, քանի որ դրանք կարող են կիսատ թողնել սկսված կարևոր գործընթացները Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում։ Եվրամիության համար կարևոր են ժամկետները, դրանց պահպանումը, երբ դրանք խախտվում են, լուրջ խնդիրներ են առաջանում։ Հուսանք, որ ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա»,- ասաց Զաշտովտը։
Նա համամիտ է, որ առաջիկա ընտրություններում կհաղթանակի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում վարկանիշը շարունակում է բարձր մնալ, քանի որ Հայաստանում դեռ տեղ ունեն էյֆորիկ տրամադրությունները։ «Իշխանությունները հայտարարում են բարեփոխումներ իրականացնելու մասին, դա հույս է ներշնչում, որ կյանքում փոփոխություն է լինելու։ Քանի դեռ չկա հիասթափություն, վարչապետի վարկանիշը լինելու է բարձր։ Ուստի առաջիկա ընտրություններում նա առաջատար է լինելու։ Բայց քաղաքական դաշտի կենսունակության համար հարկավոր է առողջ ընդդիմություն, որի դերը ստանձնելու համար, ինչպես տեսնում եմ, պայքար է ընթանում։ Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ, և կարելի է ասել, որ նախորդ իշխանությունը կարող է լինել նման ընդդիմություն։ Սակայն չեմ կարծում, թե ստանա շատ ձայներ»,- նման կարծիք հայտնեց Կոնրադ Զաշտովտը։
Նրա խոսքով, արմատական հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ևս տեղ չեն գտնի ապագա խորհրդարանում, քանի որ սխալ քաղաքականություն են կառուցում՝ շեշտը դնելով արտաքին քաղաքականության վրա։ «Հայաստանը ներկայումս ներքին բավական լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, և տրամաբանական է, որ քաղաքական ուժերը՝ զգալով պատասխանատվությունը, լուրջ ուշադրություն պետք է դարձնեն իրենց ներքաղաքական ծրագրերին, այսօր հասարակությունը դրան ուշադրություն կդարձնի, քանի որ կա ծրագրերի պակաս, իսկ հասարակությանն այսօր հետաքրքրում են արդյունքները, արագ բարեփոխումները, կյանքի որակի բարելավումը, որը զգալի կլինի իրենց կյանքում։ Իսկ արտաքին քաղաքական արմատական դիրքորոշումները լավ արդյունքի չեն հանգեցնի հատկապես հայ-ռուսական անվստահության պայմաններում»,- նշեց Զաշտովտը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում