Որպես կանոն՝ քաղաքակիրթ երկրներում ընտրությունների ժամանակ կուսակցությունները ներկայացնում են իրենց գաղափարախոսությունն ու ծրագրերը (առաջին հերթին ծրագրերը), եւ մարդիկ ընտրություն են կատարում հենց այդ ծրագրերի միջեւ։ Մեր դեպքում այս անգամ այդպես չի լինելու։
Ի՞նչ ծրագիր պիտի ներկայացնի, ասենք, հիմնական ընդդիմադիրի դերին հավակնող ՀՀԿ-ն։ Աշխարհի ամենալավ ծրագիրն էլ ներկայացնի՝ որեւէ մեկը չի հավատալու դրան ու անգամ չի կարդալու։ Մարդիկ ասելու են. «Անող էիք՝ անցած տասը տարում անեիք, հիմա ո՞ւմ եք ուզում խաբել»։
Կամ, ի՞նչ ծրագիր պիտի ներկայացնի «Քաղաքացիական պայմանագիրը»։ Չէ, ներկայացնելն իհարկե, կներկայացնի, մարդիկ էլ մեծ ուշադրությամբ կկարդան, բայց այնպես չէ, որ եթե ծրագիրը դուրները չեկավ՝ ձայն չեն տա, եթե դուրները եկավ՝ ձայն կտան։ Այսպես թե այնպես, ձայն են տալու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հետ մեծ հույսեր են կապում, իսկ նա ընտրություններից հետո նոր միայն լիարժեքորեն տիրապետելու է իշխանական լծակներին։
ԲՀԿ-ն նույնպես հազիվ թե լուրջ քաղաքական ծրագիր ներկայացնի։ Հասկանալի է, որ «եթե մեզ ձայն տաք՝ մեր առաջնորդը 15 միլիարդ դոլարի ներդրումներ կապահովի» (ենթատեքստում՝ «եթե մեզ ձայն չտաք, Հայաստանը կկորցնի այդ ներդրումները») փաստարկը նույնպես շատ ազդեցիկ է, բայց դրանում քաղաքական բաղադրիչ առանձնապես չկա։
Դաշնակցությունը նույնպես հազիվ թե որեւէ նոր բան ասի։ Եթե ասի էլ, ընտրողները երեւի պիտի ճշտեն՝ կե՞նտ օրերի համար է ասում, թե՞ զույգ, որովհետեւ այդ ուժը վերջերս չափազանց հաճախ է «վերանայում» իր դիրքորոշումները։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե ապագա խորհրդարանում Դաշնակցության ներկայացվածությունն անցանկալի է։ Բոլորիս սառնարաններում էլ (դռների դարակների մի անկյունում) լինում են, չէ՞, դեղահաբեր կամ կես չորացած լիմոն, որ մարդիկ երբեւէ չեն օգտագործում, բայց նաեւ ափսոսում են շպրտել՝ «տուն է, պետք կգա»։ Ահա այդպես մի օր էլ Դաշնակցությունը կարող է պետք գալ, ո՞ւմ է խանգարում, թող խորհրդարանում մի պուճուր խմբակցություն էլ իրենք ունենան, շատ տեղ չեն զբաղեցնում։
«Սասնա ծռերի» մասին ընդհանրապես չենք խոսում՝ ի՞նչ ծրագիր պիտի ներկայացնի այն քաղաքական ուժը, որը դիրքավորվում է որպես «ընդգծված արեւմտամետ» ու միաժամանակ առաջնահերթ նպատակ հռչակում հայկական պետության սահմաններն անհապաղ մինչեւ Քուռ գետը հասցնելը։
Առաջիկա ընտրություններն, այսպիսով, առանձնապես քաղաքական չեն լինելու, եւ դրանց արդյունքում խորհրդարանում լուրջ ընդդիմություն չի ձեւավորվելու։
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում