Լրահոս
Օրվա լրահոսը

«Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների 47%-ը տեղի է ունենում ընտանիքում»

Նոյեմբեր 15,2018 15:30

Ավանդական ընտանիքներն ու պաշտոնական թվերը. «Ավանդական ընտանիք ձեւակերպումը դարձել է քաղաքական շահարկումների առարկա»

Երեկ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրեց՝ «նոյեմբերի 11-ին տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ: Իլլարիոն Ն.-ն, նույն օրը, ժամը 10.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ բաց է թողնվել: Նոյեմբերի 12-ին հիվանդանոցում, 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանը գիտակցության չգալով, մահացել է»:

Մեզ հասած տեղեկություններով՝ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել, մոտ 4 տարի միասին էին ապրում, Իլլարիոն Ն.-ն, այսպես ասած, խմիչքի հետ սեր ուներ, նա պարբերաբար հարբած վիճակում ծեծի էր ենթարկում 20-ամյա Քրիստինեին: Վերջինս էլ մի քանի անգամ փորձել է լքել տղամարդուն: Իլլարիոն Ն.-ն նախկինում դատապարտված է եղել, Քրիստինեի հետ ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ:

Դեպքի օրը Իլլարիոն Ն.-ն հերթական անգամ ծեծի է ենթարկել Քրիստինեին, նա կրկին փորձել էր փախչել տանից, սակայն չի հաջողվել:
Գործն արդեն Քննչական կոմիտեում է, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14 -րդ կետով:
Ընտանեկան բռնության կանխարգելման մասին, իսկ ավելի ճիշտ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքն այս տարեսկզբից գործում է, սակայն նման բռնության դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություններ հաճախ են տարածվում:

Արդյոք գործող օրենքին համապատասխան գործողություններ իրականացվո՞ւմ են, որպեսզի կանխվեն նման դեպքերը: «Առավոտի» հետ զրույցում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է՝ օրենքն ընդունվել է, բայց բավարար չի գործում. «Մեխանիզմներն ամրագրված են օրենքով, բայց խնդիրն այն է, որ չեն տիրապետում մեխանիզմներին, եւ կան լուրջ խոչընդոտներ, որպեսզի ոստիկանությունը հետամուտ լինի այդ ամենին»:
Հովհաննիսյանը նկատում է՝ հիմնականում նախազգուշացումն է իրականանում, բայց 3 մեխանիզմ կա՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում, պաշտոնական որոշում. «Նախազգուշացում կիրառելու դեպքում կոնկրետ բռնություն կիրառած անձի հետ նախատեսվում է համապատասխան աշխատանք՝ ընտանեկան բռնությունը կանխարգելելու նպատակով: Ես դեռեւս տեղյակ չեմ, որ երկրում կա որեւէ կառույց, որը զբաղվում է բռնարարների հետ աշխատանքով: Նույն նախազգուշացումը, եթե հետագայում կոնկրետ անձի հետ աշխատանք չի տարվում, դառնում է վերացական մի բան: Անհետաձգելի միջամտությունը՝ 20-օրյա ժամկետով բռնարարը պետք է հեռացվի տվյալ վայրից: Պարզ չէ՝ մտնո՞ւմ են դեպքի վայր, թե՞ ոչ: Սա լուրջ աշխատանք է, եւ համակարգը դեռեւս պատրաստ չէ դրան, եւ դժվար թե հիմա կիրառեն: Պաշտոնական որոշումն ավելի բարդ համակարգ է: Սա 6 ամիս ժամկետով է արվում»:

Իրավապաշտպանն ասում է՝ ամբողջը ոստիկանական գործառույթներն են, բայց ամբողջական, համակարգային գործառույթները՝ կրթական, բժշկական հաստատություններում, որպեզի կանխարգելվեն դեպքերը, ոչ թե կոծկվեն, արդյո՞ք իրականացնում են. «Օրենքը թերի է, մեխանիզմները չեն աշխատում, եւ հաճախ գրված է՝ «դեռեւս»: Բայց կիրառման ճանապարհին խնդիրներ են առաջանում»:

Սպանված 20-ամյա կինը մի քանի անգամ փորձել է փախչել, ազատվել բռնարարից, սակայն չի հաջողվել: Հովհաննիսյանը նկատում է. «Պետական ապաստարաններ չկան, կինը փախչում է՝ հույսը դնելով հասարակական կազմակերպությունների վրա: Պետական աջակցության մեխանիզմների խնդիրը լուծված չէ»:
Ընտանեկան բռնության դեպքերի ոստիկանության մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում ընտանիքում բռնության դեպքերի գերակշիռ մասը կատարել է ամուսինը կամ կենակիցը՝ կնոջ նկատմամբ: Օրինակ՝ 2018 թվականի 6 ամիսների տվյալներով՝ նման 218 դեպք է գրանցվել, 2017-ին՝ 481, 2016-ին՝ 474, 2015-ին՝ 478, 2014-ին՝ 419, 2013-ին՝ 434 դեպք:
2017-ի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 793 դեպք, որից 196-ով հարուցվել են քրեական գործեր (որից 44-ն ուղարկվել է դատարան, 152-ը կարճվել է), 597-ով նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է: 793 դեպքերը կատարվել են՝ կենակցի կողմից՝ 1 դեպք, ամուսինը կնոջ նկատմամբ՝ 480 դեպք, կինն ամուսնու նկատմամբ՝ 18 դեպք, ծնողը զավակի նկատմամբ՝ 67 դեպք, զավակը ծնողի նկատմամբ՝ 116 դեպք, ընտանիքի այլ անդամները՝ 111 դեպք: 2018-ի 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 358 դեպք, որից 56-ով հարուցվել են քրեական գործեր (որից 7-ը ուղարկվել է դատարան, 49-ը կարճվել է), 302-ով նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է. կենակիցը՝ կնոջ նկատմամբ՝ 1 դեպք, ամուսինը կնոջ նկատմամբ՝ 217 դեպք, կինն ամուսնու նկատմամբ՝ 17 դեպք, ծնողը զավակի նկատմամբ՝ 28 դեպք:
Իրավապաշտպանի կարծիքով՝ մեր հասարակությունն ամբողջությամբ չի ընկալում խնդրի լրջությունը, եւ կանանց իրավունքներ ասելիս մարդիկ ամենաբարձր ատյաններից ուղղակի ծաղրանքով են վերաբերվում ու ասում՝ չկա նման խնդիր:

«Բայց եթե դիտարկենք վիճակագրական մակերեսային տվյալները՝ ընտանեկան բռնության դեպքերը, սպանությունները, բռնաբարությունները, սեռական ոտնձգությունները, ապա կա լրջագույն խնդիր: Պաշտոնական տվյալներով՝ սեռական ոտնձգությունների՝ բռնաբարություն եւ այլն, անչափահասների նկատմամբ, դեպքերի 47%-ը տեղի է ունենում ընտանիքում: Սա խոսում է այն մասին, որ հասարակությունում խնդիր կա»,- ասում է Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը նաեւ նկատում է՝ կանանց իրավունքները մեր հասարակությունում հավասար չեն եւ պաշտպանված չեն. «Կանանց սահմանափակ ներկայացվածությունը իշխանությունում ցույց է տալիս անհավասար բաշխումը: Ունենք պատկեր՝ աշխարհն առաջ է գնում, Հայաստանը՝ հետ: Հիմա էլ իրավապաշտպանների դեմ արշավներ են սկսվել, երբ խոսում են գենդերային հավասարության, ընտանեկան բռնության կանխարգելման եւ այլնի մասին: Ու նորից ավանդական ընտանիք կոչված ձեւակերպումը դարձել է քաղաքական շահարկումների առարկա: Եթե ուզում են ավանդական տերմինը բացել, պետք է դիմեն ազգագրագետներին: Նրանք դեմ են այդ ձեւակերպմանը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

14.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930