Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆարմանյանը սպառնում է պատգամավորներին լռելյայն ուղարկել հաղորդագրություններ, եթե իր նախագիծը չընդունեն

Նոյեմբեր 15,2018 11:17

«Ես, իհարկե, հիասթափված եմ, ես զգում եմ, ես տեսնում եմ, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ իր հեղինակած «Շահումով խաղերի, վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

Նա հույս հայտնեց, որ գալիք խորհրդարանը կշարունակի հետամուտ լինել խնդրի կարգավորմանը. «Իսկ ես լռելյայն ամեն անգամ, երբ մամուլում կհանդիպեմ այս խնդրի հետ կապված հանցագործությունների կամ դժբախտ դեպքերի, մարդկային խեղված ճակատագրերի մասին, ես ձեզ ուղղակի ֆեյսբուքյան մեսինջերի միջոցով լռելյայն կուղարկեմ բոլոր այդ դեպքերի մասին հաղորդագրություններ»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել էր, որ Ֆարմանյանի կուսակցությունը իր իշխանության ժամանակ բավականին ժամանակ է ունեցել դաշտը կարգավորելու ու չի արել: Ֆարմանյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է նախկին կառավարությունների մոտեցմանը, նախկին կառավարություններին կարիք չկա ինձանից պաշտպանելու, սա հորդոր՝ իմ բոլոր գործընկերներին: Հիմնավորումները նախկին կառավարությունների, թե ինչու այս նախագիծը պետք չի դնել շրջանառության մեջ, եղել են բառացի նույնը, ինչպիսի հիմնավորում ներկայացրել է գործող կառավարությունը օրինագծի վերաբերյալ»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ներկայացրած նախագիծը քինախնդրության փորձ է ներկայիս իշխանությունների հանդեպ:

Ֆարմանյանը պատասխանեց. «Ես դա համարում եմ անձնական վիրավորանք: Ինձ պետք է շատ վատ ճանաչել՝ նման եզրակացություն անելու համար»:

Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ այս իշխանությունը գնում է իրենց հետքերով. «Ինձ մոտ տպավորություն է, որ բոլոր իշխանություններն անխուսափելիորեն անցնում են նույն ճանապարհով, երբ կառավարության պաշտոնյաներն ամեն ինչ անում են՝ հիմնավորելու մի բան, որը գրեթե հնարավոր չէ հիմնավորել, երբ հայտնվում են մարդիկ, որոնք տվյալ իշխանությանը սկսում են մատուցել աննկարագրելիորեն արջի ծառայություն եւ այդպես ծնվում է իշխանությունների մշտական սինդրոմը, երբ դահլիճից դուրս կա մի իրականություն, բայց դահլիճում այս կամ այն պատճառով փորձ է արվում ստեղծել լրիվ այլ իրականություն»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Ֆարմանյանին երեկ զգուշացրել էր, որ օրենքի նախագիծդ չունի քաղաքական աջակցություն: Այսօր նա արձագանքեց Ֆարմանյանի ելույթին՝ ասելով, որ քաղաքական աջակցությունից բացի, օրենքները պետք է լինեն կենսունակ. «Մենք ունենք մեռած, մեռելածին օրենքներ: Հաջորդ պառլամենտում մենք պետք է այդ մեռելածին օրենքները հանելուն անդրադառնանք: Այս նախագիծն այս տեսքով, իհարկե, չպետք է ընդունվի»:

Ալեն Սիմոնյանն էլ Ֆարմանյանին արձագանքեց՝ ասելով, որ որեւիցե մեկին անձնապես վիրավորելու ցանկություն չի ունեցել: Նա հորդորեց Ֆարմանյանին միանալ իրենց նախագծին ու միասնական ընդունեն այդ նախագիծը:

Այնուամենայնիվ, իմանալով, որ նախագիծը չի ընդունվելու, Ֆարմանյանը հորդորեց նախագիծը դնել քվեարկության, որպեսզի 6-րդ գումարման ԱԺ-ից այդ քվեարկության հուշը մնա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930