ԱՄՆ-ը աջակցում է շփման գծում լարվածության նվազեցմանը
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից եւ իրենց բնակչությանը պատրաստեն խաղաղության՝ օրերս այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: «ԱՄՆ-ը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հաստատում է իր ամուր աջակցությունն այդ աշխատանքին, եւ մենք գնահատում ենք ձեր անկողմնակալ ներգրավվածությունը կողմերի հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ բոլորիդ»,- ասել է Մակրիսը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ոգեշնչված է վերջին շրջանում պետությունների ղեկավարների եւ ԱԳ նախարարների մակարդակներով կառուցողական շփումներից: Այդ շփումների արդյունքում բոլոր երեք համանախագահները եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսների ընթացքում շփման գծում եւ դրան հարող տարածքներում բռնությունը նվազել է: «Կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը եւ ուղիներ գտնեն կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Պարզվում է՝ համանախագահները մի շարք գործողություններ են առաջարկել, որոնք կողմերը կարող են ձեռնարկել լարվածությունն ավելի նվազեցնելու եւ հաղորդակցությունը բարելավելու համար: ԱՄՆ-ը պաշտպանում է այդ առաջարկները: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ աջակցում է շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցներին, ինչպիսիք են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնումը եւ հետաքննության մեխանիզմների ներդրումը: ԱՄՆ-ը կարծում է, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել այդ միջոցառումների իրականացման վերաբերյալ քննարկումներին:
«Ժամանակն է, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից եւ իրենց բնակչությանը պատրաստեն խաղաղության: Միացյալ Նահանգները աջակցում է վստահության ամրապնդման միջոցառումներին եւ հայերի ու ադրբեջանցիների միջեւ երկխոսության ընդլայնմանը, ինչը կարող է կայունացնել անվտանգության ոլորտում իրավիճակը եւ ավելի կառուցողական մթնոլորտ ստեղծել բանակցությունների համար: Երկխոսությանը մասնակցող անձինք պետք է կարողանան դա անել ազատ՝ առանց վախենալու, որ տուն վերադառնալուն պես բռնության կենթարկվեն»,- ասել է նա:
Մակրիսի խոսքով՝ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծմանը, այդ թվում՝ ԼՂ հակամարտությանը: Դրա համար էլ, ըստ նրա, վերջին շաբաթներին ԱՄՆ-ը բարձր մակարդակի դեսպաններ ուղարկեց Հայաստան եւ Ադրբեջան, ինչպիսիք են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենտը: «ԱՄՆ-ը կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Ստատուս քվոն անթույլատրելի է: ԱՄՆ-ը հավատարիմ է կողմերի հետ աշխատել՝ երկարաժամկետ եւ խաղաղ լուծում գտնելու համար, որը հիմնված կլինի մասնակից պետությունների կողմից ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա, ինչպես որ ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ասել է Մակրիսը:
Փաստացի, Վաշինգտոնը շեշտում է, որ ուշադրության կենտրոնում է պահում սահմաններում լարվածությունն ավելի նվազեցնելու, հաղորդակցությունը բարելավելու խնդիրները, ավելին՝ պաշտպանում է այդ առաջարկները: Սա կարեւոր հանգամանք է՝ մանավանդ ամերիկացի բարձրաստիճան երկու պաշտոնյաների այցերից հետո: Այս ուղղությամբ անելիք ունի նաեւ հայկական կողմը. որեւէ պարագայում հայկական կողմը չպետք է թույլ տա, որ ադրբեջանական կողմը մոռացության տա շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջի կատարումը: Դրանց իրագործումը մշտապես պետք է ներառված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում:
Ալիեւը կրկին սպառնում է
Որոշակի «կառուցողական» հայտարարություններից Ադրբեջանի նախագահն անցել է սպառնալիքների տարափի: Ալիեւը կրկին հայտարարել է ռազմական ներուժը հզորացնելու եւ Ղարաբաղյան խնդիրը ցանկացած, այդ թվում՝ պատերազմով կարգավորելու պատրաստակամության մասին: «Մենք ոչ մի տարբերակ չենք բացառում»,- անցյալ շաբաթ Աղդամի շրջանում ասել է Իլհամ Ալիեւը:
«Մենք այսուհետ եւս զարգացնելու ենք մեր ռազմական հնարավորությունները, եւ կարծում եմ, որ դա բանակցությունների կարեւորագույն գործոններից է, քանի որ, ցավոք, միջազգային իրավունքի նորմերը լիովին անտեսվում են: Մենք կհասնենք մեր ցանկացած արդյունքին, մենք պահանջում ենք, որ մեր պատմական հողերն ազատագրվեն օկուպանտներից, եւ այդպես էլ կլինի»: Ալիեւը պնդել է, թե Բաքուն պատրաստ է ԼՂ խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի. «Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ամենամոտ ժամանակում դուրս կբերի իր օկուպացիոն զորքերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է կարգավորման ցանկացած տարբերակ, մենք պատրաստ ենք ցանկացած լուծման: Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մենք ապագայում եւս մեկուսացնելու ենք Հայաստանին բոլոր տարածաշրջանային նախագծերից եւ, օգտագործելով բոլոր միջոցները, վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը»:
Նա նշել է, թե «Հայաստանի նոր իշխանությունները չպետք է կրկնեն նախորդ վարչակազմի սխալները»: «Նրանք պետք է բանակցությունների միջոցով դուրս բերեն օկուպացիոն զորքերը գրավյալ տարածքներից եւ հնարավորություն տան Ադրբեջանի քաղաքացիներին վերադառնալու իրենց հարազատ ու պատմական բնակավայրերը»,- ասել է Ալիեւը՝ հավելելով. «Որքան շուտ նրանք հասկանան դա, այդքան լավ իրենց համար ու տարածաշրջանի համար: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել՝ մենք մտադիր չենք համակերպվել այս իրավիճակի հետ»:
Նա անդրադարձել է 2016թ. ապրիլյան պատերազմին՝ նշելով, որ «ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակն ի զորու է լուծել ցանկացած խնդիր», ապա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում իր ունեցած «դերին»՝ նշելով, որ այն, ինչ ինքն էր ասում ժամանակին, այժմ տեսնում է հայ ժողովուրդը: «Մենք ասում էինք, որ Հայաստանը ղեկավարող մարդիկ քրեական խունտայի պարագլուխներ են՝ այժմ դա ասում է հայ ժողովուրդը: Մենք ասում էինք, որ նրանց գեներալները գողեր են, որ նրանց հերոսները հանցագործ են եւ վախկոտ: Այժմ դա ասում է հայ ժողովուրդը»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ դա Ադրբեջանի վարած՝ Հայաստանի մեկուսացման քաղաքականության արդյունքն է, որը նրանք շարունակելու են:
Պաշտոնական Բաքուն ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու, Ադրբեջանի հնարավոր հետագա քայլերը «արդարացնելու» հարցում «պատճառներ» ներկայացնելու պակաս չունի: Ալիեւը Հայաստանում քաղաքական ելույթներն օգտագործում է՝ իր երկրի խնդիրները թաքցնելով եւ իր հասարակությանը հայկական «խնդիրներով» սնելով:
Դերափոխությունը «կառուցողականից» դեպի իրական Ալիեւը թերեւս պայմանավորված է նրանով, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հնարավոր է, որ Ալիեւն արագ անցնի ավելի սադրիչ քաղաքականության՝ լարելով իրավիճակը սահմաններում: Իսկ մինչ այդ նա բանեցնում է միջազգային հանրության շանտաժի ենթարկելու «գործիքը»:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
14.11.2018