Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա բերելու է բացարձակ բեսպրեդելի». Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու Ֆարմանյանի նախագծին

Նոյեմբեր 15,2018 10:58

Խորհրդարանում քննարկվում էր ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի նախագիծը, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների՝ տոտոների, վիվարոների գործունեությունը: Խոսքը «Շահումով խաղերի, վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին է: Նույնաբովանդակ մի նախագիծ ներկայացրել էր նաեւ Ալեն Սիմոնյանն ու նախագծին համահեղինակ են դարձել ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն ու «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը, սակայն այդ նախագծին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ու բացասական եզրակացություն տվեցին, որից հետո հեղինակները նախագիծը հանեցին շրջանառությունից:

Հիշեցնենք, որ ի տարբերություն Ալեն Սիմոնյանի նախագծի, Սամվել Ֆարմանյանն առաջարկում է արգելել վիվարոների գրասենյակների գործունեությունը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ վիրտուալ դաշտում:

Այսօր նիստում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Ֆարմանյանի նախագծին: Ըստ նրա, իրենց նախագիծն ավելի գրագետ էր, քան Ֆարմանյանինը, որքան էլ վերջինս երեկ շատ էմոցիոնալ փորձում էր ներկայացնել այն. «Մենք ողջամիտ մտահոգություններ ունենք, որ նախագիծը, որը ներկայացված է ձեր կողմից, ուղղակիորեն չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է նախագծի ընդունումից հետո: Դա բերելու է բացարձակ բեսպրեդելի այն ոլորտում, որը դուք իրավացիորեն փորձում եք կարգավորել: Ես հասկանում եմ, որ հանրային շահի անվան տակ, ասելով, որ հանրությունն ուզում է, հանրությունը պահանջում է, էմոցիոնալ դաշտ է ստեղծվում, բայց այս նախագիծը չի կարգավորելու դաշտը: Չպետք է ինքնալուծարված ԱԺ-ի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ, բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ չի լուծելու այն կարեւոր, օբյեկտիվ խնդիրը, որը դրել եք ձեր առջեւ»:

Նա առաջարկեց շրջանառությունից հանել նախագիծը, ստեղծել աշխատանքային խումբ, որ ապագա խորհրդարանի պատգամավորները, բոլոր ռիսկերը հաշվարկելով, կընդունի նոր նախագիծ:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց. «Ի դեպ, ձեր իշխանությունը այս երկար ու ձիգ տարիներին ուներ բոլոր անհրաժեշտ գործիքները, ուներ ժամանակ՝ ոլորտը կարգավորելու: Հիմա ես ունեմ օբյեկտիվ հիմք մտածելու, թե ինչու եք դուք հենց հիմա բերել այս նախագիծը, որը ոչ թե լուծում է խնդիրը, այլ առաջացնում է նորանոր ռիսկեր»:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը նույնպես համակարծիք էր տիկին Զոհրաբյանի հետ: Ըստ նրա, տոտալիզատորների համար բարձիթողի վիճակ է ստեղծվելու. «Ես կոչ եմ անում այս նախագծին քվեարկել դեմ այն մարդկանց, ովքեր ուզում են, որ բնագավառը լինի կարգավորված, այդ թվում նաեւ՝ պարոն Ֆարմանյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930