«Հեղինակային եւ հարակից հեղինակային իրավունքի մասին» գործող օրենքի հոդված 5-ի համաձայն. «Ստեղծագործությունը համարվում է հրապարակված, եթե այն հեղինակի կողմից կամ նրա համաձայնությամբ առաջին անգամ մատչելի է դարձել հանրությանը հրապարակային արտասանության, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, լույսընծայման (հրատարակման), հեռարձակման կամ հանրությանը մատչելի դարձնելու այլ միջոցներով։
Ստեղծագործությունը համարվում է լույս ընծայված (հրատարակված), եթե հեղինակի համաձայնությամբ ցանկացած միջոցներով, այդ թվում` էլեկտրոնային համակարգերի միջոցով, արտադրված ստեղծագործության օրինակները շրջանառության մեջ են դրվել բավարար քանակով։ Լույս ընծայում չի համարվում դրամատիկական, երաժշտադրամատիկական, տեսալսողական կամ երաժշտական ստեղծագործության կատարումը, գրական ստեղծագործության ասմունքը, գրական կամ արվեստի ստեղծագործության հեռարձակումը, արվեստի ստեղծագործության ցուցադրումը եւ ճարտարապետական ստեղծագործություն հանդիսացող շինության կառուցումը»։
Սակայն հնարավո՞ր է համացանցում տեղադրվածը համարել հեղինակային եւ հարակից հեղինակային իրավունքի խախտում, մասնավորապես, «անոնսային» բնույթի «բյուլետենները» կարո՞ղ են համարվել անձնական տվյալ, գաղտնիք, եւ այն առիթ դառնա, որպեսզի հեղինակը դիմի իրավապահ մարմնին:
«Առավոտի» զրուցակիցը խնդրեց, որպեսզի իր անուն-ազգանունը չհրապարակվի, քանի որ բողոքներն իր անվան օգտագործման հետ էին կապված: Իսկ անունն էլ օգտագործել էր Հայաստանի ազգային գրապալատը:
Ըստ նրա՝ գիտական գործունեությամբ զբաղվողի նյութերն առանց իր համաձայնության եւ թողտվության, «գաղտնի», գրապալատի նախկին տնօրեն Հովհաննես Բեքմեզյանի հրամանով տեղադրվել էր համացանցում:
Զրուցակիցս ասում է, որ թե բանավոր, թե գրավոր այդ մասին ինքը տեղեկացրել էր գրապալատի պատասխանատուներին:
«Վերջին տնօրենը՝ Գեւորգ Հարությունյանը, գրավոր հրաժարվել էր հանել իր հեղինակային նյութերը եւ չորս նամակներին պատասխանել էր թերի»,-ասում է բողոքաբերը:
Ըստ նրա, այդպիսով նոր տնօրենն էլ է խախտել իր սահմանադրական իրավունքը, հեղինակային եւ հարակից հեղինակային իրավունքները, ապօրինի շարունակում է տարածել իր նյութերը:
Ի դեպ, «Առավոտին» տրամադրված «Հրատարակությունների նախնական գրանցման թերթիկի» 22 կետի համաձայն, պարտադիր է հեղինակի համաձայնությունը եւ այդ կապակցությամբ տրվում է հարց. «Համաձա՞յն եք, որ Ձեր հրատարակության մասին ազդարարվի հրատարակվող գրքերի մասին հրատարակվող բյուլետենում»: Զրուցակցիս տեղեկացմամբ, այս թերթիկն իրենից թաքցվել էր, եթե չթաքցվեր, բնականաբար, ինքը գրավոր կարգելեր գրապալատին տարածել իր հեղինակային նյութերը:
«Դա նշանակում է նաեւ իմ՝ սպառողի իրավունքների խախտում»,-ասում է զրուցակիցս:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված դիմումում հեղինակը ակնարկել էր «կոնֆիդենցիալ տեղեկությունների» ապօրինի տարածման մասին, ինչն անձնական տեղեկություններ են, պրոֆեսիոնալ գաղտնիք պարունակող տվյալներ:
Արդյոք հեղինա՞կ է համարվում մեզ դիմած անձը: Եվ այդ հարցը չի՞ վիճարկել գրապալատը հարցին՝ բողոքաբերը հղում է կատարում օրենքին. «Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, եւ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում»։
«Այն, որ գրապալատը չի զգուշացնում հեղինակներին, որ ապագայում համացանց է դնելու տեղեկությունները, որոնք նույնպես պաշտպանված են «Հեղինակային եւ հարակից հեղինակային իրավունքների մասին» ՀՀ օրենքով, նույնպես սպառողի իրավունքների խախտում է: Այդ մասին բարձրաձայնել եմ, սակայն գրապալատի պատասխանատուները չէին պատասխանում, ինչը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում է նույնպես»,-նշել էր ՄԻՊ-ին ուղղված դիմումում:
Ըստ բողոքաբեր կողմի, տվյալ դեպքում պատասխանատուները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ նամակներին պատշաճ պատասխաններ չտալով, միջոցներ չձեռնարկելով:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի «Տվյալների սուբյեկտի համաձայնությունը» հոդվածի համաձայն. «Տվյալների սուբյեկտը կարող է տալ իր համաձայնությունը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե լիազորագրով հատուկ նախատեսված է նման լիազորություն: Համաձայնության հիման վրա մշակվող տվյալները պահպանվում են այն ժամկետով, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար, կամ համաձայնությամբ սահմանված ժամկետով:
Երբ մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա եւ օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով»: Հեղինակն ունի իր ներկայացուցիչը՝ Աշոտ Սիմոնյան, որին չի դիմել գրապալատը, իսկ վերոհիշյալ «գրանցման թերթիկն» էլ կարող էր դիտվել նախապայմանագրի ձեւ, ինչին չի դիմել տվյալ դեպքում գրապալատը:
Հեղինակը դիմել է նաեւ ՀՀ ոստիկանություն:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Պատրաստ ենք լսել Հայաստանի ազգային գրապալատի պատասխանատուներին. արդյոք նման բողոքներ այլ հեղինակներից նույնպես եղե՞լ են, արդյոք անհրաժեշտ չի՞ պայմանագիր կնքել հեղինակի հետ, պարտադիր չի՞ հեղինակի գրավոր համաձայնությունը նրանց տվյալները հրապարակելիս:
«Առավոտ»
14.11.2018