Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը այսօր`նոյեմբերի 14-ին անփոփոխ է թողել թուրք ազգայնամոլ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանի արձակած դատավճիռը: Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ որոշումը հրապարակվել է այսօր: Նիստին և դատավճռի հրապարակմանը ներկա է գտնվել «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Մաթո Հախվերդյանը, որի հավաստմամբ Իլհան Աշկինը կրկին փորձել է քաղաքականացնել հարցը և այն ուղղորդել ադրբեջանա-հայկական հակամարտության շրջանակներ:
Ժամեր առաջ, երբ հայտնի չէր դատավճիռը Աշկինը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Եթե նույնիսկ դատարանը որոշի, որ ես ճիշտ եմ, այս պայքարը կշարունակվի: Եթե մենք վախենաինք երկաթից, մենք չէինք նստի գնացք : Կանգառ չունենք մինչև այն օրը, մինչև հայերը դուրս չգան գրաված հողերից… »
Այդ կարծիքին չի եղել դատարանը և այն դիտարկել է ազգային անհանդուրժողականության և բռնության կոչ:
Հիշեցնենք, որ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում 2014 թվականին արտաբերած «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ արձակեց դատավճիռ, որով նա դատապարտվեց մեկ ամսվա պայմանական բանտարկության՝ 120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով: Դատախազն ավելի մեղմ պահանջ էր առաջադրել`80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք, պայմանական երկշաբաթյա բանտարկությամբ:
Ահա այս որոշումը Իլհան Աշկինը, Նիդերլանդներում հայտնի իր փաստաբան Պլասմանի հետ բողոքարկել էր վերաքննիչ դատարանում:
Հնարավոր է, որ այս գործընթացը երկարի, քանի որ Աշկինը իր ասածի համար չի զղջում և մտադիր է բողոքարկել գերագույն դատարան:
Նիդերլանդական օրագրի