Առաջիկա խորհրդարանական ընտրություններում տարբեր կուսակցական ցուցակներում շատ են լրագրողները: Իհարկե, դա նոր երեւույթ չէ՝ առաջներում նույնպես շատերը քաղաքականություն էին եկել լրագրությունից: Երեւույթը միանգամայն նորմալ է. օրինակ՝ եթե մարդը խառատ էր աշխատում, իսկ հետո տարիների ընթացքում նրա մեջ առաջանում է քարտաշ դառնալու ցանկությունը, դրա համար ոչ ոք չի կարող նրան հանդիմանել: Ճիշտ նույն ձեւով՝ եթե հարգարժան գործընկերներն իրենց տեսնում են խորհրդարանում կամ գործադիր իշխանությունում, դա իրենց անձնական նախասիրությունների խնդիրն է: Այլ հարց է, որ միաժամանակ լրագրող եւ քաղաքական գործիչ (կամ ակտիվիստ) աշխատելն ինձ վիճահարույց է թվում: Եթե ես լուսաբանում եմ որեւէ երեւույթ, ապա ընթերցողի, հեռուստադիտողի կամ օգտատիրոջ կողմից չպիտի տպավորություն ստեղծվի, կասկած առաջանա, որ ես այն լուսաբանում եմ այս կամ այն կուսակցության կամ նախընտրական ցուցակի «կողմից»: Բայց դա լրագրողի աշխատանքի իմ անձնական ընկալումն է, որի հետ գործընկերներից շատերը կարող են եւ համաձայն չլինել:
Եվս մի անձնական խոստովանություն. ինձ «քաղաքական աշխարհը»՝ իրար հարվածներ եւ հակահարվածներ հասցնելու, իրար «սխալ հանելու» եւ իրար վրա «կեղտ բռնելու» մրցավազքը չի հետաքրքրում: Ես, բառի բուն իմաստով, սիրո եւ հանդուրժողականության կողմնակից եմ: Իհարկե, աշխատանքի բերումով ես լուսաբանում եմ նաեւ քաղաքական պայքարը, բայց որպես մարդ եւ քաղաքացի այդ պայքարից բացարձակապես չեմ հուզվում՝ նաեւ այն պատճառով, որ համոզված եմ՝ քաղաքական եւ պետական ինստիտուտները, ի վերջո, «ցուցանակներ» են, իսկ իրական գործընթացներն ավելի խորն են: Երբ փողոցում, տաքսիում կամ բարեկամական միջավայրում ինձ հետ սկսում են քաղաքական զրույցներ վարել՝ ով է լավը, ով է վատը, ով է «ժողովրդի հետ», իսկ ով՝ «ժողովրդի դեմ», այդ խոսակցություններն ինձ շատ արագ ձանձրացնում են: Բայց եթե ինչ-որ բան ինձ հետաքրքիր չէ, դա ամենեւին չի նշանակում, որ դա պետք է անհետաքրքիր լինի բոլոր լրագրողների համար` մարդիկ տարբեր ճաշակներ ու նախասիրություններ ունեն:
Պետք է ասել նաեւ, որ լրագրողները քաղաքականության մեջ իրենց, որպես կանոն, հաջող են դրսեւորում, որովհետեւ տեղյակ են «քաղաքական աշխարհի» բոլոր նրբություններին, նրանց գիտելիքների եւ ինտելեկտի մակարդակը սովորաբար ավելի բարձր է, քան, ասենք, որոշ գործարարների: Այնպես որ՝ բարի երթ բոլոր գործընկերներիս, ցանկանում եմ, որ նրանք հասնեն իրենց նպատակին եւ հայտնվեն խորհրդարանում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Խոստովանություն…
Ընտրական ցուցակներն ըմբոշխնելիս համոզվեցի, որ Հայաստանում
քաղաքական հայացքները անլուրջ պայմանականություն են” – գրել էր խելոք ծանոթներիցս մեկը ՖԲ-ում:
МДА МФ МОЛЧИМ