Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժից երեսուն տարի է անցել, ընտանիքը տուն չունի, գործն էլ դեռ դատարանում է

Նոյեմբեր 15,2018 14:00

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքով Մարինա Մացակյանի ընտանիքը դարձել է անօթեւան: Ընտանիքը հաշվառվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի աղետի հետեւանքով անօթեւան մնացած եւ բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող անձանց հերթացուցակում՝ Սպիտակի Թորոսյան փողոցի թիվ 24 շենքի 3-րդ՝ քանդված բնակարանի դիմաց բնակարան ստանալու համար: 4 անձից բաղկացած ընտանիքը մինչեւ 2016 թվականի փետրվարի 22-ը որեւէ տեղեկություն չի ունեցել իր բնակարանային գործի ընթացքի վերաբերյալ:

2016 թվականի փետրվարի 22-ին, երբ հարցում է ուղարկել ՀՀ քաղաքաշինության նախարարություն՝ խնդրել տրամադրել տեղեկություն իր բնակարանային գործի ընթացքի վերաբերյալ, ստացվել է պատասխան: Համաձայն 2016 թվականի մարտի 2-ի թիվ 03/13.1/1031-16 պաշտոնական գրության, Մացակյանի ընտանիքի բնակարան ստանալու հարցը քննարկվել է հանձնաժողովի կողմից դեռեւս 2010 թվականի հոկտեմբերի 5-ին, նույն օրը կայացվել է որոշում Մարինա Մացակյանի ընտանիքին շահառու չճանաչելու մասին: Վարչական ակտի օրինակն ուղարկվել է հայցվորի ամուսնուն 2012 թվականի հոկտեմբերի 21-ին:

Աղետյալ ընտանիքը դիմել է դատարան: Վարչական դատարանում առկա գործի նյութերի համաձայն, հանձնաժողովը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորի ամուսնու հոր՝ երկրաշարժի հետեւանքով քանդված բնակարանի վարձակալ Յ. Սողոմոնյանի անվամբ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի թիվ 52 որոշման հիման վրա 2006 թվականի ապրիլի 21-ին գրանցվել է սեփականության իրավունք Սպիտակի Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ (ընդհանուր մակերեսը՝ 144 քմ):
Դատարանից Մարինա Մացակյանը պահանջում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունից, անվավեր ճանաչել հանձնաժողովի 2010թ. հոկտեմբերի 5-ի որոշումը եւ կայացնել բարենպաստ վարչական ակտ:

«Հանձնաժողովը ցուցաբերել է ոչ իրավաչափ անգործություն, մասնավորապես, հայցվորի վերաբերյալ ընդունել է միջամտող վարչական ակտ, որը պարտավոր էր ուղարկել նրան եռօրյա ժամկետում, ինչը չի կատարել եւ դրա արդյունքում հայցվորը մինչեւ 2016 թվականը եղել է անորոշ սպասումների մեջ` այդ անգործության արդյունքում կրելով ինչպես նյութական վնասներ, այնպես էլ` ոչ նյութական, եւ մտադիր է վերականգնել դրանք, ուստի առկա է բավարար հիմք պատասխանողի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար»,-վարչական դատարանում հայտնել էր աղետյալ ընտանիքի ներկայացուցիչը:

Մացակյանի ներկայացուցիչը խնդրել էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի հանձնաժողովին կատարելու որոշակի գործողություններ, մասնավորապես, կազմել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ եւ ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը, որով Մարինա Մացակյանի ընտանիքը կճանաչվի շահառու:
Վարչական դատարանը Մարինա Մացակյանի հայցը բավարարել էր մասնակիորեն:

Ոչ իրավաչափ էր ճանաչել 2010թ. հոկտեմբերի 5-ին ընդունված վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում Մ. Մացակյանին չուղարկելու ձեւով դրսեւորված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի անգործությունը: Երեք հատորանոց գործով բողոքի քննությունն ավարտվել է վարչական վերաքննիչում, եւ նոյեմբերի 29-ին պարզ կդառնա, թե երկրաշարժից երեսուն տարի հետո այս ընտանիքը բնակարանի հերթում լինելու է, թե ոչ:

Ռ. Մ.

«Առավոտ»

14.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930