Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ ոլորտում ինքս ինձ լիդեր եմ համարում»

Նոյեմբեր 15,2018 13:30

Մարինե Մխիթարյանի դիտարկումները

Կանայք հասարակական-քաղաքական կյանքում միշտ են տեղ ունեցել, բայց այսօր իրավիճակ է փոխվել եւ նրանց դերակատարությունն էլ ավելի է մեծացել: ԿԳ նախարարի վերջին նշանակմամբ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 95-ամյա պատմության մեջ առաջին անգամ ունենք ռեկտորի կին պաշտոնակատար՝ Սոնա Հովհաննիսյան: Նոյեմբերի 13-ին էլ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր է նշանակվել Լիլիթ Արզումանյանը:

Մասնակիցը լինելով նման մի խոսակցության, «Առավոտը» ընտրեց իր հերթական զրուցակցին, գործընկերների բնորոշմամբ՝ կին լիդեր Մարինե Մխիթարյանին: Այս անունն անծանոթ չէր մեզ, բայց դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ արվեստագետին բացահայտեցինք իբրեւ ժողովրդական վարպետի, որի դիզայնով պատրաստված զարդերը ցուցադրվել են նաեւ Ֆրանսիայում: Արվեստագետ մեր զրուցակիցները նույնիսկ կատակեցին՝ Մարինեն հավանաբար Սոֆի Լորենի օրինակով է ընտրել այդ ոլորտը, կամ՝ որդեգրել է նաեւ Մոլիերի՝ դերասանի, թարգմանչի, կոմեդիաների սցենարիստ դառնալու ուղին: Վերջերս հրատարակվեց Մարինե Մխիթարյանի «Զրուցակիցներս» գիրք-ալբոմը, որտեղ ներկայացված են հեղինակի զրույցները իր դասախոսների՝ թատերագետ Լուիզա Սամվելյանի ու ռեժիսոր Կիմ Արզումանյանի, ինչպես նաեւ Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Տոնինո Գուերայի, Վահան Միրաքյանի, Արտավազդ Փելեշյանի, Բարսեղ Թումանյանի եւ մյուս անվանի արվեստագետների հետ: Տպագրվեց նաեւ «Սցենարիստներ» խորագրով հավաքածուն, որում տեղ է գտել 15 սցենար:

Արվեստագետը՝ Բ. Կանաչյանի անվան դպրոցի իր սաների հետ: 

 

Վերջերս կայացած «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 18-րդ փառատոնում «Սցենարիստները» հաղթող ճանաչվեց «Գրական նյութի լավագույն դրամատիկական մատուցում» անվանակարգում: Ծանոթ ենք Մարինե Մխիթարյանի ռեժիսորական աշխատանքներին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջի եւ Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Օրերս այդ դպրոցի սաների «Թումանյանական թատերախաղերը» տիկին Մխիթարյանի բեմադրությամբ, հաղթող ճանաչվեց ասմունքի եւ թատերական հանրապետական «Լիրիկա» փառատոնում: Նրա ռեժիսուրայով «Խնկո-Ապոր առակները» բեմադրությունը դարձյալ գլխավոր մրցանակի արժանացավ այս տարի կայացած «Էտյուդ» մրցույթ-փառատոնում: Այսքանը արվեստագետի միայն այս տարվա «ավարն» է:

Մարինե Մխիթարյանն իր դերասանական խմբի հետ՝ Չեխովի «Երեք քույր» ներկայացումից հետո:

Հակիրճ ներկայացնենք նրա գործունեությունը թատրոնում եւ կինոյում, որը սկսվեց 1980-ականների սկզբներին, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մինչ օրս հիշվում են այդ թատրոնում Մարինե Մխիթարյանի խաղացած շուրջ 40 դերերից Նինան՝ Լերմոնտովի «Դիմակահանդես», Սոնան՝ Շիրվանզադեի «Չար ոգի», Գայանեն՝ Յուժին Սումբատովի «Դավաճանություն» եւ այլն: Տպավորիչ են ավելի ուշ նրա կերպարները Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը», «Վրիժառու», «Խաղից դուրս» ֆիլմերում: Մեր օրերում էլ դերասանուհին երեւում է հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Էլենի օրագիրը», «Կարմիր բլուր», «Փողոցի շները», «Ուրիշի փոխարեն»: Իսկ ժամանակին դրամատիկական թատրոնի խաղացանկային՝ Նորայր Ադալյանի «Կին եւ տղամարդ», Երվանդ Օտյանի «Սեր եւ ծիծաղ» ներկայացումները հնարավոր չէր պատկերացնել առանց Մարինե Մխիթարյանի մասնակցության…

Դերասանուհին Կ. Խոդիկյանի սցենարով Վ. Փոշոտյանի «Էտյուդ» ֆիլմում (2007թ.):

Դիտարկմանը՝ տարբեր ոլորտներում բուռն ստեղծագործական գործունեություն առանց պրոդյուսերի անհնար է, մեր զրուցակիցն ասաց. «Իսկապես, ինձ անհրաժեշտ է պրոդյուսեր՝ երիտասարդ, սուր մտքով, գործունյա ու այդ մասնագիտությանը բնորոշ մյուս որակներով օժտված…»: Կատակեցինք, թե գուցե նաեւ բարետե՞ս: Մեր զրուցակիցն ասաց՝ «Ինձ Քվազիմոդոն էլ ձեռք կտա: Իսկ եթե լուրջ՝ հիանալի երիտասարդներ ունենք: Գնահատում եմ հատկապես նրանց ինքնավստահությունը, ճկուն միտքը…»:
Զրույցի ընթացքում, բացի ստեղծագործական ու փառատոնային տրամադրություններից, խոսք եղավ նաեւ վկայագրի մասին, որը նա ստացել է Կանանց լիդերության դպրոցից: Այս առիթով տիկին Մխիթարյանն ասաց. «Ինձ միշտ գրավել է «գործարար կին» հասկացությունը եւ անկախ իմ ստեղծագործական զբաղվածությունից, ուսումնասիրել եմ այդ ոլորտը: Բնական է, որ ես չեմ գործում քաղաքական ոլորտում, բայց իմ ոլորտում ինքս ինձ լիդեր եմ համարում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930