«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով, կլինի համամասնական ցուցակի 67-րդ համարը, նաեւ կառաջադրվի վարկանիշային ընտրակարգով թիվ երեք ընտրատարածքում՝ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում:
«Քաղաքացիական պայմանագրին միանալու» հիմնական պատճառն այն էր, որ կես տարվա ընթացքում տեսնում եմ՝ այն, ինչ «Քաղաքացիական պայմանագիրը» խոստացավ՝ ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի, արդարացնում է այդ խոստումները: Թերեւս հավատը այդ քաղաքական ուժի նկատմամբ մեծ դերակատարություն ունեցավ, որ համաձայնեմ ու առաջադրվեմ հենց «Քաղաքացիական պայմանագրով»: Որեւէ պարտադրանք չի եղել, բայց իմ կամքով անդամագրվել եմ նաեւ կուսակցությանը»,- ասաց լրագրողը:
Նախկինում պատգամավոր դառնալու համար փող եւ իշխանական լծակներ էին պետք, մեր հարցին, թե արդյոք պատգամավորի թեկնածու Սիսակ Գաբրիելյանի դեպքում նրա քենակալ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը դերակատարություն ունեցե՞լ է, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Այո, Արմենն իմ բաջանաղն է, բայց ես նախևառաջ Սիսակ Գաբրիելյանն եմ՝ «Ազատության» լրագրող, ու կարծում եմ, որ դա արդեն իսկ մեծ առավելություն է, ցանկացած ազգակցական կապի հետ համեմատած: Ամեն դեպքում, ձեր կողմից նշված փոխնախարարը կուսակցության վարչության անդամ չէ, իսկ կուսակցության ցուցակը հաստատում է կուսակցության վարչությունը»:
ՔՊ համամասնական ցուցակով ընտրություններին կմասնակցի նաեւ Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թեւոսյանը, նա ցուցակի 75-րդ հորիզոնականում է: Այսօր հայտարարել է, որ դադարեցնում է տնօրենի գործառույթները կատարել. «Ընդունել եմ Քաղաքացիական պայմանագրի առաջարկը, որովհետեւ մենք համախոհներ ենք, նրանք իմ վաղուցվա ընկերներն են, մենք ծրագրեր ունենք միասին իրականացնելու, ու կարծում եմ, որ տեղին է օգտակար լինել համախոհներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ես նախևառաջ Սիսակ Գաբրիելյանն եմ՝ «Ազատության» լրագրող,