Օրերս ստեղծված «Մենք» դաշինքը, որով Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունները մասնակցելու են դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսօր ԿԸՀ ներկայացրեց իր նախընտրական ցուցակը, որի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի.
1.Արամ Սարգսյան,
2.Խաչատուր Քոքոբելյան,
3.Անժելա Խաչատրյան,
4.Արտակ Զեյնալյան,
5.Բորիս Նազարյան,
6.Մասիս Այվազյան,
7.Անահիտ Ադամյան,
8.Սոնա Մինասյան,
9.Արա Կետիկյան,
10Արմեն Առաքելյան:
Նրանց հաջորդում են Մանվել Ղազարյանը, Արտակ Սարգսյանը, Թեհմինա Վարդանյանը, Արթուր Պողոսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ «2017թ. ընտրություններում «Ազատ դեմոկրատները» չհաղթահարեցին անցողիկ շեմը, հիմա՞ ինչ սպասելիքներ կան»: «Բոլորին է հայտնի, որ նախորդ ընտրություններն անցել են կեղծիքներով: Ապացույցը՝ ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններն են: Ուստի նախորդ ընտրությունների քվեները վավեր չեն»,-պատասխանեց նա: Անժելա Խաչատրյանի խոսքով՝ «Մենք» դաշինքը մրցունակ ցուցակ ունի: Իսկ թե խորհրդարանում ինչպիսի դիրք է զբաղեցնելու դաշինքը, Խաչատրյանը նկատեց. «Եթե չես լինում իշխանություն, բնականաբար, լինում ես ընդդիմություն: Մենք պայքարում ենք ՀՀ քաղաքացու քվեի համար, ուստի չեմ ուզում նշել, թե ԱԺ-ում որ տեղի համար ենք պայքարում: Ընդդիմախոսը պետք է օգնի իշխանություններին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ