ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանն այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Նա կուսակցությունից հեռանում է նեղացած: Քիչ առաջ ուղիղ եթերով նա պատմեց կուսակցությունը լքելու պատճառների մասին: Ըստ նրա՝ տասնհինգ օր առաջ Տարածքային կառավարման նախարարը՝ Սուրեն Պապիկյանը, «Իմ քայլը» Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, կուսակցության աշխատանքային խմբում հայտնել էր, որ բոլոր նրանք, որոնք ուզում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում թեկնածություն առաջադրել, թող հայտնեն դրա մասին: Աճեմյանը հայտնել է, որ վարկանիշային ընտրակարգով ցանկանում է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է, որ իր թեկնածությունը հաստատված է, կարող է նախապատրաստական աշխատանքները սկսել:
Գեւորգ Աճեմյանի խոսքով, ինքը արդեն տարածք էր վարձակալել, ընկերների հետ էր հանդիպում, մտքերով փոխանակվում, որոշում ինչպես ավելի գրագետ կազմակերպել քարոզարշավը՝ անտեղյակ, որ իր թեկնածությունը չի հաստատվել: Դրա մասին, իր խոսքով, իմացել է այսօր կեսօրին պատահաբար, երբ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե արդյոք խնդիրներ չկան, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասել է, որ իր թեկնածությունը չի առաջադրվել ու չի պատճառաբանել՝ ինչու:
«Սա եւս մեկ անգամ ժողովրդավարական հետընթաց է փաստում «Քաղաքացիական պայմանագրում»,- ասաց Աճեմյանը՝պատմելով, որ Երեւանի ավագանու ընտրություններում գրեթե բոլորը իրենց թեկնածությունն էին հայտնել, բայց մինչեւ վերջ ոչ մեկ չգիտեր՝ որ համարն է. «Ես իմացել եմ, որ 92 րդ համարն եմ ավելի ուշ, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցները: Այսինքն, մարդիկ չեն իմացել՝ որ համարն են նույնիսկ այն ժամանակ, երբ թղթերը հանձնվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ես լրատվականներից եմ իմացել՝ որ համարն եմ: Ես համարի կռիվ երբեւէ չեմ արել… բայց ՔՊ-ն ցույց տվեց, որ քաղաքական կամք չունի ներքին ժողովրդավարություն հաստատելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գեւորգ Աճեմյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից: