ՀՀԿ նախընտրական ցուցակը ներկայացնելիս կուսակցության պատգամավորի թեկնածու Կարինե Աճեմյանն այսօր անդրադարձավ հարցին, թե իշխանափոխությունից հետո ինչպիսի տրամադրվածություն ունի հանրությունը ՀՀԿ-ի հանդեպ: Նա վստահեցրեց. «Գիտեմ շատ քաղաքացիների, որոնք ՀՀԿ-ի համակիրներն են եւ սպասում են կուսակցության ծրագրերին: Նրանք տրամադրված են մեզ ընտրելուն: Վստահ եմ, որ մենք հաղթելու ենք»:
Լրագրողները հետաքրքրվեին՝ «սոցցանցերում հայտնի է, թե քաղաքացիներն ինչպիսի բացասական վերաբերմունք են արտահայտում ՀՀԿ-ի հանդեպ, մտավախություն չունե՞ք ձեր թեկնածուների անվտանգության առումով»: Կարինե Աճեմյանը զարմացավ. «Տարօրինակ բան եք ասում: Մեր երկիրն անվտանգ է: Չեմ կարծում, որ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ մեզ վտանգ կսպառնա: Առհասարակ, դա բացառում եմ: Հուսամ՝ կունենանք լավ քարոզարշավ՝ առանց խաղի կանոնների խախտման, առանց իրար վրա ցեխ շպրտելու, առանց աննորմալ բաների»:
Կարինե Աճեմյանի խոսքով՝ գործող իշխանությունը շատ սխալներ է թույլ տալիս, իրենք էլ նոր խորհրդարանում հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից, որպեսզի զերծ պահեն իշխանությանը ճակատագրական սխալներից: Կարինե Աճեմյանը նաեւ համոզմունք հայտնեց. «Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական դաշտը սեւի եւ սպիտակի բաժանելն ազդեց ընտրությունների վրա: Հստակ երեւում է, թե ովքեր են իշխանության համակիրները: Նրանք, ովքեր դեմ են այս իշխանություններին, մեր կողմնակիցներն են: Համոզված եմ, որ մենք լինելու ենք նոր խորհրդարանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ