Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ նախընտրական ցուցակում չկա: Ցուցակը ԿԸՀ ներկայացնելիս այսօր ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն ասաց, որ չի կարող բացատրել այդ հանգամանքը: «Չեմ կարող ասել՝ չի ցանկացե՞լ լինել ցուցակում…իրեն հարցրեք»,-խորհուրդ տվեց Կարինե Աճեմյանը:
Ապա` նա տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանը երկրից չի հեռացել, ՀՀ-ում է. «Մենք երկու օր առաջ խորհրդի նիստ ենք ունեցել, նա մասնակցել է»: Արդյոք կապ ունի՞ Տարոն Մարգարյանի չառաջադրումը «Երեւան» հիմնադրամի առնչությամբ հարուցված քրեական գործի հետ, Կարինե Աճեմյանն ասաց՝ չի կարող ասել: Նա չհամաձայնեց լրագրողի դիտարկման հետ, թե քրեական գործի հարուցումը սկանդալային իրադարձություն էր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ