«Ըստ տեղեկությունների՝ մայիսի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մի շարք ուսանողների կողմից գումարվել է համաժողով, որի արդյունքում քննարկվել և քվեարկությամբ ընդունվել է ԵՊԼՀ-ի Ուսանողական խորհրդի նոր կանոնադրությունը:
Սակայն Ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյանը ներկայացնում է տեսանյութ, ֆեյսբուքյան գրառումներ, որոնք փաստում են՝ կանոնադրության քննարկումը տեղի է ունեցել հունիս, հուլիս ամիսներին, իսկ ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է այն կանոնադրությունը, որի հիմքը ընդունում են մայիսի 24-ին գումարված համաժողովի քննարկումը: Փաստերը հաշվի առնելով, կարծում ենք, որ ապատեղեկատվություն է տեղի ունեցել»,- նոյեմբերի 14-ի ասուլիսին ներկայացրեց «PROGRESS» երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Զեփյուռ Ալեքսանյանը:
Ռոզա Հակոբյանը գտնում է, որ ԵՊԼՀ-ի Ուսանողական խորհրդի շուրջ ծավալվող խնդիրները տեղի են ունենում պայմանավորված մի քանի գործընթացներով՝ որոնցից մեկը վարչական աջակցությունն է ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնությանը, այն ձևավորվելով հեղափոխությունից հետո՝ փորձում է ուսանողության շրջանում թյուրիմացություններ տարածել. «Ռեստարտ նախաձեռնությունը 5 ամիս առաջ սկսեց ստորագրահավաք Ուսանողական խորհուրդը լուծարելու համար: Ստորագրահավաքը եղել է դատարկ բլանկերի տակ ամսի 15-ին, իսկ տեքստը հրապարակվել է ամսի 16-ին: Նշվում էր 1700 ստորագրություն, սակայն այդպես էլ մեզ չտրամադրեցին, ենթադրելի է, որ նման թիվ էլ չկա: Այս հարցով դիմել ենք նաև նախարար Արայիկ Հարությունյանին, ով երկու դիմում էր ստացել ԵՊԼՀ Ուսանողական խորհրդից և Ռեստարտից: Նախարարը գրության մեջ պատասխանել էր, որ ստորագրահավաքը և ուսանողների կողմից իրականացված ժողովը իրավաչափ են, մենք նախարարից խնդրել ենք այն հիմքերը, ըստ որի ստորագրահավաքը իրավական ուժ ունի, ավելի քան 50 օր է, պատասխան չենք ստացել, որը պետք է լիներ 30 օրվա ընթացքում»:
ՀՊՏՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը փաստում է. «ԵՊԼՀ-ի ռեկտորը տեսանյութում ասում է, որ ուսանողական համաժողովում կանոնադրության քննարկում չի եղել, այլ տեղի է ունեցել ավելի ուշ (տեսանյութը ՝ շուտով): Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ թե դեմ ենք նոր կանոնադրությանը, այլ ընթացքին, եթե կանոնադրությունը քննարկվել է հունիսին, ինչո՞ւ է նախարարին ներկայացվել, որ հաստատվել է մայիսի 24-ի համագումարին:
Այս օրինակը նախադեպը եղավ, սակայն այնպիսի տպավորություն է, որ ովքեր խոսում են բուհերում ակադեմիական միջավայրի մասին, իրենք են ոտնահարում ակադեմիական միջավայրի բոլոր գաղափարները՝ վերածելով ներկայացման»:
Նախկին ՀՀԿ խմբակցության անդամի խոսքով, եթե մենք նախկին իշխանությունների համար քաղաքական կադրեր պատրաստող դարբնոցներ ենք եղել, այդ դեպքում ինչո՞ւ է այսօր Ռեստարտ նախաձեռնության հիմնադիրներից Վահան Կոստանյանը հանդիսանում Քաղաքացիական պայմանագիր քաղաքական կուսակցության մամուլի խոսնակ:
«Մարդիկ, ովքեր անձերի կամ կազմակերպությունների մեղադրում են ինչ-որ արարքների մեջ, կարծում եմ նվազագույնը պետք է բարոյական իրավունք չունենան նույնը իրականացնելու: Ասում են, մենք քաղաքականացված ենք, հարցս ուղղում եմ Ռեստարտ նախաձեռնության ղեկավարներից Դավիթ Պետրոսյանին՝ եթե մենք քաղաքականացված ենք, ի՞նչ գործ ունի 2017թ.-ին IPP (Հանրային քաղաքական ինստիտուտ) կազմակերպության միջոցառման ժամանակ ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ: IPP կազմակերպությունը ֆինանսավորման մի զգալի մասը ստանում է «Սորոս» հիմնադրամի կողմից: IPP կազմակերպության համահիմնադիրներից են համարվում ԿԳ երկու փոխնախարարները՝ Հովհաննես Հովհաննիսյանը և Արևիկ Անափիոսյանը: Ես էլ ցանկանում եմ հասկանալ, ինչու է «Սորոս»-ը շահագրգռված Հայաստանի բուհերում հիմքեր հաստատելու մեջ, որը մտահոգիչ է, քանի որ բուհերում ՀՀ ապագան է:
Եվ եթե Դավիթ Պետրոսյանը պաշտպանում է Արթուր Սաքունցին, ով խայտառակություն բնորոշեց ԼԳԲՏ ֆորումի Հայաստանում իրականացման չեղարկումը, հիմք ընդունելով, որ 80-ական թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, այդ դեպքում ինչո՞ւ է մշտապես տարբեր մարդկանց հասցեին, ովքեր ևս պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել, միայն ցեխ շպրտում»,- ասաց Հ. Հարությունյանը:
Ռոզա Հակոբյանը հավելեց, ԵՊԼՀ-Ռեստարտը ստեղծվել է ուսանողական խնդիրներ լուծելու համար, սակայն հնգամսյա գործունեության ժամանակ չի եղել մի խնդիր, որը լուծում ստանա իրենց միջոցով:
ՈՒԽ-ի նախարարների խոսքով անհամբեր սպասում են նախարար Արայիկ Հարությունյանի արձագանքին ու խնդրում շուտափույթ լուծում, այլապես կդիմեն համապատասխան մարմիններին՝ ոչ թե աթոռակռվի, այլ արդարության հաստատման համար:
Քրիստինե Նանյան