Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողները, Նիկոլ Փաշինյանի օրինակը նկատի ունենալով, ցանկանում են լինել խորհրդարանում». Թագուհի Թովմասյան

Նոյեմբեր 14,2018 19:07

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն իր դիմումի համաձայն ազատվել է խմբագրի աշխատանքից առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր համար դժվար է եղել լրագրության ոլորտում աշխատանքը դադարեցնելու որոշում ընդունելը:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատել է յոթ տարի շարունակ, խոսքի ազատությունը որեւէ դեպքում չի տուժելու, եւ եթե ես զգամ, որ խոսքի ազատությունը կարող է վտանգվել, ես ամենաառաջինը կբարձրացնեմ այդ աղմուկը, ես կարծում եմ, որ նոր Հայաստանում այդ խնդիրն այլեւս չի լինելու»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով, ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրվելու առաջարկություն ստացել էր նաեւ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց հրաժարվել է անձնական խնդիրների պատճառով.

«Այս անգամ առաջարկը չմերժեցի, որովհետեւ Հայաստանում իրավիճակ է փոխվել, եւ եթե նախկինում պատգամավոր դառնալու համար պետք էր միայն փող ու իշխանական լծակների ազդեցություն, հիմա դրա կարիքը չկա ու կարելի է ուժերը փորձել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ առաջադրվել եմ վարկանիշային ընտրակարգով: Տարիներ շարունակ եղել եմ պայքարի առաջամարտիկ նախորդ իշխանությունների դեմ, մշտապես քննադատել ենք, հիմա եկել է պահը, որ նրանք փոխվել են, եւ մենք հնարավորություն ունենք քննադատությունից զատ մի բան անել մեր երկրի համար»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանը դեռ տեղյակ չէ, թե այլ կուսակցություններից ովքեր իր հետ կմրցեն Գեղարքունիքի մարզում եւ նրանց մրցակից չի էլ համարում. «Խնդիրը մեր ընտրողների հետ հարաբերություններն են ու ճիշտ փոխհարաբերությունների կառուցումը, այն իմաստով, որ պետք է ընկալելի մոտեցումներով ընտրողին ներկայացնել մեր ծրագրերն ու այն նպատակները, որ կոնկրետ ես արել եմ այդ քայլը»:

Այս ընտրություններին լրագրողների մասնակցության թիվը բավականին մեծ է, Թագուհի Թովմասյանն այն պայմանավորեց Նիկոլ Փաշինյանի գործոնով. «Քանի որ նա լրագրող էր ու հեղափոխական ճանապարհով լրագրողից անցում կատարեց դեպի վարչապետի պաշտոն, այդ իմաստով ոգեւորությունը լրագրությունից անցում կատարելու քաղաքականության մեջ ու հաջողելու այդ օրինակը նկատի ունենալով՝ լրագրողները ցանկանում են լինել խորհրդարանում, նաեւ լրագրողների պահանջարկը կա կուսակցությունների ամենատարբեր ցուցակներում…լրագրողները սիրում են կարդալ, ու խորհրդարանը դրանից միայն կօգտվի, այսինքն, այսուհետեւ խորհրդարանում պատգամավորները կարդալուց հետո կքվեարկեն օրենքները եւ ոչ թե առանց կարդալու, միամտաբար կոճակ կսեղմեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930