ՀՅԴ-ն Շիրակի մարզից առաջադրում է 15 վարկանիշային թեկնածու։ Այս մասին Aravot.am-ին հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի նախագահ Արամ Անտոնյանը։ Նա հրապարակեց թեկնածուների ցանկը, որոնց մեջ կան և ճանաչված և անծանոթ դեմքեր, համայնքապետեր, բուժաշխատողներ, ազատամարտիկներ, դպրոցի տնօրեններ։ Նշենք, որ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը, որը հայտարարել էր, թե ինքը որպես վարկանիշային թեկնածու կառաջադրվի Երևանում կամ Շիրակի մարզում, Շիրակից չի առաջադրվի, կառաջադրվի Արաբկիրից։
ՀՅԴ ցուցակում կլինեն Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Հակոբ Մաթիլյանը, Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, որը հայտնի է նաև «Վեգայի Կարեն» մականվամբ, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Հայկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանը, Սարատակ գյուղի դպրոցի տնօրեն Էդվարդ Գրիգորյան, որը Գյումրիից է ու սամբոյի մարզիչ է, Արտաշես Դրմեյանը՝ Կամո գյուղից, որը Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանի օգնականն է։
Ցանկում կլինի նաև Սուրեն Սարգսյանը՝ Թավշուտի նախկին համայնքապետը, որը շիրակցիներին հայտնի է իր բացառիկ հայրենասիրությամբ․ վերջինս միայն հայկական արտադրության ուտելիք ու հագուստ է գնում։
Վարկանիշային թեկնածու է նաև Վարդան Կոստանյանը՝ Հայրենյաց գյուղի համայնքի ղեկավարի տեղակալը՝ մարտական ուղի անցած անձ է։ Թեկնածուներից Արտաշես Մխիթարյանը նույնպես մարտական ուղի անցած է, նա եղել է մարտական ջոկատի հրամանատար, զբաղեցրել է նաև ՊՆ կազմզորահավաքային վարչության պետի տեղակալի պաշտոնն, այժմ թոշակի է անցել։
Ցուցակում են նաև Քնքուշ Մելիքյանը՝ ՀՕՄ-ի մարզային կառուցի պատասխանատուն, «Երկիր Մեդիայի» հեռուստալրագրող Արթուր Մկրտչյանը, որը ծնունդով Շիրակի մարզի Իսահակյան գյուղից է։ Վարկանիշային թեկնածուներ են նաև Արուսյակ Մկրտչյանը, նա Վահրամաբերդ գյուղից է, մասնագիտությամբ բուժքույր է և ատամնաբույժ Էլեանորա Նազարեթյանը՝ Պեմզաշեն գյուղից, Արփինե Նիկողոսյանը՝ Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արամ Անտոնյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից