Գյումրիից ՀՀԿ վարկանիշային ցուցակով ընտրված, սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ԱԺ արտահերթ ընտրություններին չի մասնակցի։ Քիչ առաջ նա ֆեյսբուքյանն գրառում է կատարել․
«Սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ, իմ ընտրողներ, համակիրներ, թիմակիցներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, երեք անգամ Գյումրուց և Շիրակից ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, տասը տարուց ավելի եղել եմ ԱԺ-ում և խորապես տիրապետել եմ մարզի և քաղաքի խնդիրներին, պատգամավորական մանդատը ծառայեցրել եմ բացառապես քաղաքի, մարզի և ժողովրդի խնդիրներին:
Հոկտեմբերին էլ մանդատը վերցնելով՝ կատարեցի խոստումս՝ քվեարկելով 6-րդ գումարման խորհրդարանի լուծարման օգտին, լիարժեք կիսելով այն կարծիքը, որ այս խորհրդարանը չէր ներկայացնում ժողովրդին:
Այս օրերի ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ընտրողներիս, թե՛ թիմակիցներիս հետ, ստացել եմ բազմաթիվ առաջարկություններ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Ունեի բավարար ժամանակ իրավիճակը վերլուծելու և որոշում կայացնելու: Եվ այս ամենով հանդերձ կայացրել եմ վերջնական որոշում. ես չեմ մասնակցելու այս ընտրություններին:
Շարունակելու եմ հասարակական և քաղաքական իմ ակտիվ գործունեությունը Գյումրիում և հնարավորության սահմաններում լինելու եմ գյումրեցիների և շիրակցիների կողքին: Բոլոր քաղաքական ուժերին և վարկանիշային թեկնածուներին մաղթում եմ հաջողություն, իսկ ժողովրդին այս բարդ իրավիճակում՝ գիտակցված ընտրություն:
Խորին շնորհակալությունս իմ բազմահազար ընտրողներին և այն մարդկանց, ովքեր այս օրերին ցանկություն էին հայտնում ինձ կրկին տեսնել խորհրդարանում:
Աստված բոլորիս պահապան»: