Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց իր գրած «Չար տնակը» հեքիաթի մասին: Նա հարցրեց՝ երեխաները կարծում են, որ այլաբանության լեզվով այդ հեքիաթում դուք խոսում եք հեղափոխության մասին ու հետաքրքրվում են՝ Կուղբի կերպարը հեքիաթում ձե՞ր կերպարն է եւ չար տնակը ՀՀԿ-ն է՞, թե՞ ոչ:
Նա ասաց. «Իհարկե, հեքիաթի վերջում չար տնակը, բացատը լաց է լինում, բայց այդ արցունքները օգնում են գետակին, ինչպե՞ս եք տեսնում այս հեքիաթի շարունակությունը եւ պատրաստվո՞ւմ եք ապագայում արդեն որպես վարչապետ մեր փոքրիկ ընթերցասերների համար հեքիաթներ գրել»:
Փաշինյանը պատասխանեց, որ այդ հեքիաթը գրվել է փետրվար-մարտ ամիսներին. «Այո, այդտեղ կան այլաբանություններ, դրանք շատ ուղղակի չեն, բայց կան նաեւ ուղղակի այլաբանություններ: Ավելի շատ ինստիտուցիոնալ այլաբանություններ կան, քան թե անձնական: Չար տնակը տվյալ դեպքում պայմանական ասած կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց, ջնջել նրանց հիշողությունը, արժեզրկել նրանց արժեքները: Անկեղծ ասած, տվյալ դեպքում չար տնակ ասելով՝ ես նկատի եմ ունեցել ՀՀ ԱԺ-ն:
Քանի որ ես այդ ժամանակ մտածում էի առաջիկա անելիքների մասին, ես մտածում էի, որ ԱԺ խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, ուտում է իմ արժեքները, ինձ շեղում է իմ քաղաքական առաքելությունից եւ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի ճիրաններից դուրս պրծնել ու վերադառնալ այն առաքելությանը, որով ես սկսել եմ իմ քաղաքական գործունեությունը: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի կաբինետը այդպիսի դերակատարում չի ունենա: Այդ գիրքը միշտ իմ աշխատասեղանին դրված է, նաեւ այն պատճառով, որ վարչապետի աշխատասենյակն ավելի հզոր չլինի, քան այն արժեքները, որոնց ես հավատում եմ ու այն արժեքները, որոնք ավելի կարեւոր են այս կյանքում»:
Մարտի 7-ին, երբ Խնկո Ապոր գրադարանում Փաշինյանն ընթերցեց այս հեքիաթը, լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ԱԺ ամբիոնի՞ց էլ եք հեքիաթներ կարդում: Փաշինյանը պատասխանել էր, որ հեքիաթներ կարդում են իշխանությունները: Այսօր արդեն իշխանության կարգավիճակում Փաշինյանն ասաց, որ ինքը անկեղծ պատասխաններ է տալիս ու էլի հեքիաթ չի պատմում. «Ամենակարեւորն այն է, որ մենք մեր ժողովրդին որեւէ հարցում չենք խաբել ու չենք խաբի: Իմ սեղանին դրած գիրքը անընդհատ կհիշեցնի այդ խոստման, պայմանի, ուխտի մասին»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց՝ մենք խոսել ենք այդ հեքիաթի մասին, բայց ես երբեք չէի պատկերացնի, որ խոսքը վերաբերում է ԱԺ-ին: Ուստի Բաբլոյանը հարցրեց՝ այս ԱԺ-ն իր վերջին նիստերն է անցկացնում, կարծում եք, ԱԺ-ն կարողացա՞վ դասեր քաղել ու բարեփոխումներ իրականացնել, 6-րդ գումարման ԱԺ-ն ինչ-որ նշանակություն ունեցա՞վ մեր երկրի, մեր պատմության համար: Փաշինյանը պատասխանեց, որ 6-րդ գումարման ԱԺ-ն պատմական ԱԺ է. «Այսօր եւ նախկինում էլ շատերը աննախադեպ են համարում այն փոփոխությունները, որը տեղի ունեցավ ՀՀ-ում եւ այդ փոփոխությունների թավշյա բնույթը ամենեւին էլ փոփոխություններում ներգրաված մի կողմի վաստակը եւ ձեռքբերումը չէ: Մենք ի վիճակի եղանք պրոցեսները տեղափոխել ԱԺ եւ այդ պրոցեսներին տալ քաղաքական լուծում: Փաշինյանն ասաց, որ ուզում է իր գնահատանքը տալ ԱԺ բոլոր պատգամավորների, ԱԺ նախագահի վերաբերյալ:
Վարչապետն անկեղծացավ՝ հոկտեմբերի 2-ին, տեսնելով պաշարված ԱԺ-ն, նորից հիշել է իր այդ հեքիաթը. «Տարբեր տեղերից պայմանական կուղբերը շատ արագ, հրատապ լուրին արձագանքելով՝ հավաքվում են, պաշարում են այդ տնակն ու տապալում են այդ տնակը: Երբ ԱԺ-ի տարածքում մոտ 50-60 հազար քաղաքացի էր հավաքված, ես նորից հիշում էի այդ հեքիաթը»:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արա Բաբլոյանին՝ ասելով, որ շատ լարված պահերին կառուցողական մոտեցում է ցուցաբերել ու դա շատ բարձր է գնահատում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ