Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես բացառում եմ նման բան, ո՞նց կարող է նման բան այսօրվա Հայաստանում տեղի ունենալ». Փաշինյանը՝ ընտրակեղծիքների մասին

Նոյեմբեր 14,2018 17:52

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ասել եք, որ եթե ձեր պաշտոնավարման ժամանակ ընտրությունները կեղծվեն, խեղվեն, ապա կհամարեք, որ ձեր կյանքն անցել է անիմաստ, արվե՞լ է ամեն ինչ, որ այս ընտրություններին ընտրողների ցուցակները հասցվեն կատարյալի:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Խոսքը վերաբերել է նրան, որ ժողովրդի կամքի խեղաթյուրում, ապօրինի ազդեցություններ չեն լինելու: Ստվերելու համար մեկը կարող է դիտավորյալ մի տեղամաս մտնի ու ստվեր գցի այդտեղ, բայց իհարկե, նա իր համարժեք պատասխանը կստանա: Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, այո, ընտրացուցակների վրա աշխատանք կատարվել է եւ այսօր էլ կատարվում է: Այսօր առավոտյան ոստիկանության պետն ինձ զեկուցել է, որ ցուցակների վրա հիմա աշխատում են՝ այդ թվում թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, որովհետեւ նախկինում պարզվել է, որ մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այլ կառույցներից, ուղիղ աշխատանք հենց թաղման բյուրոների հետ չի եղել, որոնք առաջնային տիրապետում են հարցին»:

Թե իդեալական կլինե՞ն ցուցակները, Փաշինյանն ասաց, որ համենայնդեպս, ձգտում են կատարելության, բայց կոնկրետ բացակաների մասով չեն կարող ցուցակները մաքրել, այսօրվա օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս:

Ուրիխանյանն ասաց, որ մի ժամանակ խոսակցություններ կային, որ տպվում են նոր անձնագրեր, մի տան վրա մեծ թվով մարդկանց են գրանցում, հիմա կա՞ն նման մտավախություններ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես բացառում եմ նման բան, ո՞նց կարող է նման բան այսօրվա Հայաստանում տեղի ունենալ»:

Համենայնդեպս, Փաշինյանը կոչ արեց զգոնությունը չկորցնել, քաղաքացիներին կոչ արեց ստուգել, թե իրենց բնակարանի վրա քանի հոգի են գրանցված. «Ես երաշխավորում եմ, որեւէ մեկին եթե առանց սեփականատիրոջ իմացության գրանցեն, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: Քանի որ անդրադարձաք, ասեմ՝ ոչ ոք թող հանկարծ փորձ չանի դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ: Ոչ ոք փորձ չանի որեւէ վարչական լծակ օգտագործել: Մենք այդ երեւույթի դեմ հստակ պայքարելու ենք եւ հակազդելու ենք՝ անկախ նրանից, թե որ թեկնածուն կլինի, որ դաշինքից, իշխանական-ընդդիմադիր՝ կապ չունի: Մենք ունենալու ենք Երրորդ հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930