Տարիներ շարունակ գիտական կյանքը նորանկախ Հայաստանում գոյատևել է «սովամահության» եզրին, գիտնականների անբավարար աշխատավարձի և նյութական ռեսուրսների փաստացի բացակայության պայմաններում: Այդ ամենը՝ ինստիտուտների միաձուլման հետևողականորեն կրկնվող սպառնալիքներով և կրճատումներով զուգորդվող սթրեսային իրավիճակում: Գիտությանը և գիտնականների սոցիալական կարգավիճակին պետական մոտեցումը ոչ միայն չնպաստեց գիտության զարգացմանը, այլև բերեց գոյություն ունեցող գիտական ներուժի քայքայմանը:
Նախկինում երկրի վայ-ղեկավարները որդեգրել էին փոքր երկրին պետք չէ մեծ գիտություն սկզբունքը: Նրանք անտեսեցին, որ մեր երկրում գիտությունն արդեն ստեղծված էր և շատ պետական միջոցներ չէին պահանջվում այն պահպանելու համար: Չէ՞ որ կային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության ու կենսաքիմիայի ասպարեզներում ստեղծված, համաշխարհային ճանաչում ստացած բարձրարժեք գիտական դպրոցները: Երբեմն ի ցույց ասվում էր, թե գիտությունը երկրի վարկանիշն ու այցետոմսն է, նրա գոյության, զարգացման և անվտանգության անհրաժեշտ արգասիքը, որ հաստատուն երկիր լինելու և դրա ապագայի մասին մտածելը պահանջում է պահպանել ու զարգացնել այն:
Գիտնականների սոցիալական ապահովության անբավարար լինելը խոչընդոտում էր երիտասարդների ներգրավմանը և նպաստում էր «ուղեղների արտահոսքին», տարեցտարի աճում էր ՀՀ գիտնականների միջին տարիքը: Սակայն, չնայած այսօր գիտնականների միջին տարիքը 60-70 տարի է, Հայաստանը դեռ բարձր գիտական ներուժ ունի: Պետության կողմից գիտության դերի ընկալման բացակայությունը հանգեցրել է նրան, որ մենք չունենք միջին սերնդի գիտնականներ:
Ինստիտուտներից անընդհատ պահանջում են կրճատել տարեց գիտնականների թիվը և դրանց փոխարեն ընդունել երիտասարդներին: Բայց մեզ տված աշխատավարձը չի կարող բավարարել երիտասարդներին: Դիսերտացիա պաշտպանելուց հետո նրանք հեռանում են երկրից, կամ լավագույն դեպքում՝ գիտությունից դուրս գտնում են ավելի լավ վարձատրվող աշխատանք: Այս պայմաններում պետք է գնահատել հին աշխատակազմը, ում համար թանկ է գիտությունը և ստեղծած ձեռքբերումները:
Անհրաժեշտ էր գիտության բարեփոխում:
Օրինակ, միտք էր արծարծվում ակադեմիական ինստիտուտների և գիտա-ուսումնական համալսարանների մոտեցման և աստիճանաբար միավորման, համատեղ գիտական և կրթական ծրագրերի ստեղծման մասին, որպեսզի 2-3-րդ կուրսի ուսանողները ներգրավվեն գիտական գործընթացներին, գիտական ինստիտուտներն օգտագործվեն որպես ուսումնական գործընթացների փորձարարական բազա: Սակայն, գիտությունը բարեփոխելու և ավելի արդյունավետ ղեկավարելու համար ստեղծված Գիտության պետական կոմիտեի ղեկավար հմուտ համալսարանական Սամվել Հարությունյանի նշանակելը չբերեց այդ հարցի առաջշարժմանը:
Պետք է խոստովանել, որ վերջին տարիներին, ԳՊԿ-ի ստեղծումից հետո, որոշ հարցերի վերաբերյալ մոտեցումները փոխվել են, բայց վերը նշված խնդիրներից շատերը մնում են «կախված գիտության վզից»: Ընդ որում ստեղծվել է մի անհասկանալի երկկառավարում՝ ՀՀ ԳԱԱ-ԳՊԿ:
Եվ ահա վերջերս հայտարարվեցին ԳՊԿ-ի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի հերթական մրցույթի արդյունքները:
Այս արդյունքների կապակցությամբ ծագում են հարցեր ոչ այնքան կապված այն բանի հետ, որ տարեցտարի որպես հաղթող են հանդես գալիս հիմնականում նույն գիտնականները՝ դե, ուրեմն, նրանք լավ են աշխատում, կամ գուցե ավելի լավ են կարողանում ձևակերպել/ներկայացնել իրենց անելիքը:
Սակայն հիմնական հարցը, որ ծագում է հաղթողների ցուցակը նայելիս, այն է, որ որպես կանոն այդտեղ միշտ ներգրավված են ինստիտուտների տնօրենների (բուհերից՝ ամբիոնների վարիչների) ծրագրերը:
Սրա հիմքում կարող են լինել տարբեր պատճառներ կապված վարչական ռեսուրսների օգտագործման հետ՝ դիրքի օգտագործմամբ ավելի բարձր որակի սարքավորումներ, նյութեր և գիտնականներ ներգրավելով ավելի լավ ծրագիր ներկայացնելը: Սա չարիքներից փոքրագույնն է:
Գիտական թեմաները ենթարկվում են մասնագետների անանուն փորձաքննության, որի հիման վրա ծրագիրը ստանում է առավելագույնը 85 միավոր: Հետո ԳՊԿ-ի ստեղծած անհայտ կազմով այսպես կոչված «Մասնագիտացված խորհրդի» կողմից այն գնահատվում է 15 միավորի սահմաններում: Այս գնահատականն է, որ կարող է լինել կողմնակալ:
Մեզ մոտ նման կասկած առաջացավ, երբ համեմատեցինք մեր ինստիտուտի աշխատակիցների ներկայացրած 9 ծրագրերին տված գնահատականները: Որպես օրինաչափություն, եթե 2 անանուն փորձագետների գնահատականների միջինը այնքան ցածր է, որ ակնհայտորեն այն չի անցնի ֆինանսավորման համար հայտնի շեմը, «Մասնագիտացված խորհրդի» կողմից այն գնահատվել է բարձր: Իսկ եթե փորձագետների տված գնահատականների միջինը մոտենում է «վտանգավոր» շեմին, ապա «Մասնագիտացված խորհրդի» կողմից տված գնահատականը «զգուշորեն» ցածր է: Երբեմն դա զավեշտի է հասնում՝ 2 անանուն փորձագետների կողմից բարձր գնահատված աշխատակազմը «խորհուրդը» գնահատել է շատ ավելի ցածր:
Եթե ճիշտ են այն կասկածները, որ «Մասնագիտացված խորհուրդը» կազմված է հիմնականում ինստիտուտների տնօրեններից, ապա ի հայտ է գալիս տնօրենների ներկայացրած ծրագրերի գերակշռող ֆինանսավորում ստանալու երկրորդ պատճառը՝ այդպիսի «խորհուրդը» չի կարող օբյեկտիվ լինել: Որպես հետևանք, օրինակ` ֆինանսավորվում է ֆոլաթթվի հատկություններն ուսումնասիրելու նպատակ ունեցող ինստիտուտի քիմիկոս տնօրենի ծրագիրը, իսկ նույն ֆոլաթթվի կենսաբանական հատկությունների ուսումնասիրությանն ուղղված շարքային կենսաքիմիկոսի ծրագիրը ստանում է «ամեն ինչ վաղուց հայտնի է» գնահատականը:
Կարծում ենք, ավելի ճիշտ կլինի եթե «Մասնագիտացված խորհուրդը» կազմված լինի բացառապես ինստիտուտներում ընտրված գիտնականներից, ընդ որում, տվյալ ինստիտուտի ներկայացուցիչը չի մասնակցում քվեարկությանը իր ինստիտուտից ներկայացրած թեմաների համար:
Իհարկե, հարցեր կան նաև անանուն փորձագետների ընտրության օբյեկտիվության հետ, ինչի հիմքում ընկած են նրանց տված գնահատականները: Համեմատաբար իրարից ոչ շատ տարբերվող գնահատականների դեպքում դրանց հետ համակերպվում ես, չնայած սխալ փոխըմբռնման խնդիրներ կան: Սակայն, երբ մեկ փորձագետը տալիս է բարձր գնահատականներ, զուգորդելով դրանք հիացական մեկնաբանություններով, իսկ երկրորդ փորձագետը առանց բացատրության նույն կետերը գնահատում է ՇԱՏ ցածր, կամ որպես համագործակցող հիմնարկ «0» վարկանիշ է տալիս Մոսկվայի ակ. Ն.Ֆ.Գամալեայի անվան հանրահայտ էպիդեմիոլոգիայի և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնին, ապա կասկածի տեղիք է տալիս փորձագետի մասնագետ լինելը: Կարող է լինել նաև ավելի վատ տարբերակ՝ կան «ոչ պատահական և վերևից ցուցմունք ստացած» վայ-փորձագետներ: Տարբերությունը, իհարկե 50%-ի չի հասնում, որպեսզի չծագի երրորդ փորձագետի խնդիրը:
Հոռետեսական տրամադրությամբ չավարտելու համար ցանկանք, որ մեր նոր կառավարությունը կարողանա գնահատել հիմնարար հետազոտությունների կարևորությունը, առանց որի գիտությունը չի կարող զարգանալ: Գուցե հնարավորություններ կբացվեն մեր երկրում դեռ առկա գիտական ներուժի օգտագործման համար, մեր հանրապետությունում գիտելիքահենք արդյունաբերություն ստեղծելու համար:
Հ.Գ. 100 արդյունավետ գիտնականներին պետական դրամաշնորհ տալու մասին:
Արդեն մի քանի տարի է, որ ԳՊԿ-ն հայտարարում է այս մրցույթը, որի արդյունքում յուրաքանչյուր գիտնականի, որն անցնում է շեմը, տրվում է 100,000 դրամ ամսական աշխատավարձի հավելում: Չափանիշներն այնպիսին են, որ սովորաբար շեմը հաղթահարում են իրոք բարձր վարկանիշ ունեցող գրեթե նույն գիտնականները՝ հիմնականում ակադեմիայի իսկական և թղթակից անդամները, բուհերի ամբիոնների վարիչները, գիտական ինստիտուտների տնօրենները:
Մեր կարծիքով նույն գումարը ավելի արդյունավետ կնպաստի գիտության զարգացմանը, եթե այն հասանելի լինի գիտնականների միջին, առավել ակտիվ աշխատող շերտին: Դրա համար նպատակահարմար կլիներ այն տրամադրել 1000 գիտնականներին որպես ամսական աշխատավարձի 10.000 դրամ հավելավճար:
Գիտնականների թվի ավելացումը կիջեցնի անցողիկ շեմը և ավելի շատ գիտնականներ կհաղթահարեն այն:
Նաև, գուցե, բարձր դիրք ու աշխատավարձ ունեցող ակնառու գիտնականները հավելավճարի փոքր լինելու պատճառով չեն դիմի, նպաստելով մյուսների անցնելուն:
Սոնա Մարդանյան եւ ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ