Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ ՔՊ-ի ցուցակը սպասված ցուցակ էր:
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Քոչարյանը նկատեց. «Այն, ինչ վերջին երկու ամսում խոսվում էր, և այն, ինչ արդեն վեց ամիս է տեսնում ենք, այդ թիմն էր: Անակնկալներ ընդհանրապես չկային»:
Այն, որ ՔՊ-ի ցուցակում լրագրողներ կան, Կարեն Քոչարյանը նորություն չի համարում: Նա հիշեցրեց. «Դեռ 2000-ից լրագրողները մտան քաղաքական դաշտ: Նույն Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, տարբեր ժամանակ թեկնածուներ են եղել տարբեր լրագրողներ: Այնպես որ, նորություն չէր այն, որ Վահագ Թևոսյանն է ցուցակում, նա գրել էր, Թագուհի Թովմասյանը պարզ է, որ կլիներ, ամենևին անակնկալ չէ, նա միշտ այդ ուժի կողքին է եղել: Սասուն Միքայելյանի հետ մտերիմներ են շատ վաղուցվանից»:
Կարեն Քոչարյանը ՔՊ ցուցակում անտրամաբանական որևէ բան չի տեսնում, ինչ վերաբերում է հեղափոխական բնորոշմանը, նա նշեց, որ այդ բառը երևի թե մեկն ասել է և հիմա ինքը չի ցանկանում մեկնաբանել:
Կարեն Քոչարյանը խոստացավ մյուս ուժերի ցուցակներին անդրադառնալ այն ժամանակ, երբ դրանք կլինեն հրապարակված:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ