Այս օրերին Հայաստանում է ֆրանսիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում են Գրենոբլի, Ռոմանի, Վիենի քաղաքապետարանների աշխատակիցները, Իզերի դեպարտամենտի, Աֆրատ կազմակերպության ներկայացուցիչները: Հայ գործընկերների հետ հանդիպումն էլ 2016-2018թթ. ծրագրերի արժևորումն էր, 8 համայնքների ներկայացուցիչների հետ առաջիկա եռամյա ծրագրերի քննարկումը:
Այցի շրջանակներում նախօրեին Սևանում հյուրընկալել էին Գրենոբլի քաղաքապետարանի միջազգային համերաշխության հարցերով փոխքաղաքապետ Բեռնար Մակրեին, ապակենտրոնացված համագործակցության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Նատյուրելին, ԱՖՐԱՏ կազմակերպության ծրագրի պատասխանատուներ Սեբաստիեն Ֆավիեին և Աննա Կաստելնուովոյին:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը Գրենոբլի փոխքաղաքապետ պարոն Մակրեի հետ առաջին անգամ հանդիպել էր դեռևս 2016թ. դեկտեմբերին, երբ նոր էր ստանձնել իր լիազորությունները: Երկու տարի անց գործընկերները փաստում են, որ փոխհամագործակցությունը եղել է արդյունավետ: Չորս ուղղություններով էլ` զբոսաշրջություն, առողջապահություն, ֆրանսախոսության տարածում և այլընտրանքային էներգիայի ներդրում, տեսանելի է կատարվածը, արդյունքը` ակնառու, որը նաև համայնքի առաջընթացի ապահովման գործում ունի զգալի ազդեցություն:
Հանդիպման ժամանակ խոսակցությունների առանցքում իրականացված ծրագրերն էին:
Սևան համայնքի ղեկավարը, բարձր գնահատելով գործընկերային հարաբերությունները, նշեց. «14-ամյա այն ճանապարհը, որ անցել են Գրենոբլն ու Սևանն արդեն իսկ վավերագիրն է ամուր ու կայացած համագործակցության, որը վաղուց վերաճել է մեծ բարեկամության: Համայնքում զգալի են այն բոլոր աշխատանքներն ու ներդրումները, որոնք ֆրանսիական կողմն իրականացրել է մեծ պատասխանատվությամբ, իսկ արդյունքում մեկը մյուսին հաջորդող ծրագրեր, որոնք դեռ ունենալու են շարունակություն»:
Օրերս Սևան համայնքը հանրապետությունում ճանաչվել է լավագույնը, և, համայնքի ղեկավարի դիտարկմամբ, լավագույն համայնք դառնալու ճանապարհին իր դերն ունի նաև ապակենտրոնացված համագործակցությունը:
Փոխքաղաքապետ Մակրեն համայնքի ղեկավարին ողջունել է քաղաքապետ Էրիկ Պիոլի կողմից և հրավիրել Գրենոբլ:
Միաժամանակ անդրադարձ է կատարվել ապագա ծրագրերին, մասնավորապես` ֆրանսիական կողմից, որպես նվիրատվություն տրամադրվող ավտոբուսներին, Սևանի մարզադպրոցում էներգախնայողության նպատակով ֆոտովոլտային համակարգի տեղադրմանը:
Հանդիպման ընթացքում, որն անցել է ջերմ ու անկեղծ մթնոլորտում, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Օրվա երկրորդ կեսը նվիրվել է շրջայցերին, որոնց հասցեներն էին Սևանի բժշկական կենտրոնը, թիվ 4 «Գալիք» մանկապարտեզը, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը:
Հյուրերը ծանոթացել են արդեն իսկ այս հաստատություններում իրականացված ծրագրերին` բուժսարքավորումների տրամադրում, արևային ջրատաքացուցիչների տեղադրում:
Երիտասարդ ֆրանկոֆոնների հետ հանդիպումն էլ ֆրանսասիրությունից ֆրանսախոսություն տանող ճանապարհի բացահայտումն էր:
Ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստանում շարունակվում է. նախատեսված են հանդիպումներ Գեղարքունիքի մարզպետարանում, ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր Post Card Armenia ծրագրի իրականացնողներն են, ինչպես նաև կազմակերպել են «Սևան» երաժշտական փառատոնը` համագործակցությամբ Սևան և Գրենոբլ քաղաքապետարանների, ՀՀ մշակույթի նախարարության:
Այցեր կլինեն նաև Վարդենիս և Գորիս քաղաքներ: Այս քաղաքները համագործակցում են Ռոման և Վիեն քաղաքների հետ:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ