Խոսելով աշխարհի առաջնության համար հավաքականները կազմավորելու եւ մասնակցության մասին՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Փաշիկ Ալավերդյանն ասաց. «Կանանց հավաքականը կազմավորելիս, մենք գիտեինք, որ աղջիկները դեռ չեն կարող մրցանակակիր դառնալ: Դրա համար ընտրեցինք չորս հոգու, որոնք հնարավորություններով մոտ են ու որպեսզի գոնե օլիմպիական խաղերի վարկանիշային միավոր ձեռք բերեն, որի կարգը փոխվել է եւ այսուհետեւ օլիմպիական ուղեգրերն անհատական են լինելու: Մեր կանանց հավաքականում բնական սերնդափոխություն է ընթանում մեր կամքից անկախ եւ մենք հիմա համեմատաբար թույլ ենք աշխարհում: Սակայն Եվրոպայի առաջնությունում տեսաք, որ աղջիկները մեդալներ նվաճեցին: Դա հույս է տալիս, ու պիտի ամեն բան անենք այս օլիմպիական ցիկլում նրանց մրցունակ դարձնելու համար»:
Ինչո՞ւ Անդրանիկ Կարապետյանը անհաջողության մատնվեց: Դա հանելուկ է: Բայց ես որպես մարզիչ զգում եմ՝ նրա մոտ արյան ճնշման հետ կապված խնդիր առաջացավ, որովհետեւ նախավարժանքի ժամանակ քթից արյուն հոսեց: Պատվիրած նախնական քաշն իջեցնել այլեւս անհնարին էր, որովհետեւ նրա մոտեցումից երեք մոտեցում առաջ եղավ: Լավագույն դեպքում նախնական քաշը կարելի էր իջեցնել մեկ կիլոգրամ, ինչը էական նշանակություն չէր ունենալու: Բայց սա Անդրանիկ համար վերջը չէ: Հույս ունենք, որ նա դեկտեմբերին կմասնակցի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով անցկացվելիք Քաթարի գավաթի խաղարկությանը, որը նույնպես վարկանիշային է եւ միավորներ կվաստակի»:
Կանխելով լրագրողների հնարավոր հարցերը՝ Փաշիկ Ալավերդյանը մեկնաբանեց, թե Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո աշխարհի առաջնությանը մասնակցելը մեր հավաքականների համար խանգարող դեր կարո՞ղ էր ունենալ: «Դա չխանգարեց: Ինչո՞ւ դա Սիմոնին, Գոռին, մյուս եվրոպացիներին չխանգարեց: Սովորաբար, խոշոր մրցումից 10-15 օր առաջ մարզիկները կատարում են իրենց մաքսիմալ պոկում եւ հրում վարժությունները: Եվրոպայի առաջնությունը համընկավ այդ օրերի հետ: Ու դա ավելի լավ էր, որ արվեց մրցման ժամանակ, մրցահարթակում: Հենց այդպես որոշ քաշային կարգերում ձախողումներ ունեցան ռուսները, զրկված մյուս երկրների ծանրորդները, որոնք միանգամից մասնակցեցին աշխարհի առաջնությանը, այն էլ փոփոխված քաշային կարգերում: Սա փորձություն էր, որից մենք կարողացանք պատվով դուրս գալ»:
Հակոբ Մկրտչյանի մասին պարոն Ալավերդյանն ասաց. «Այնպիսի տակտիկական պայքար էինք վարում, որ նա անպայման պիտի աշխարհի չեմպիոն դառնար: Պատահականություն էր, որ նա չհաղթեց: Դուք տեսա՞ք, թե նա ինչքան մոտ էր: Մարզիկը ոչ միայն մկաններով է պատրաստվում աշխարհի առաջնությանը, այլեւ ուղեղով, հոգեբանորեն: Մարզիկը պետք է կարողանա հավատալ ինքն իրեն եւ պատրաստ լինի դառնալ աշխարհի չեմպիոն: Նա մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էր բարձրացրել ու խնդիր չի եղել»:
Գոռ Մինասյան-Լաշա Տալախաձե հակամարտությունում վրացի մարզիկին հաղթելու հեռանկարի մասին մարզիչն ասաց. «Որ այսօր Տալախաձեն գերծանր քաշային կարգում ուժեղ է, կասկած չկա: Բայց աշխարհում անպարտելի մարզիկ էլ գոյություն չունի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ