Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վերջինիս հանցակցության, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով ապօրինի խողովակների միացմամբ հողատարածքների ոռոգման նպատակով ջրամատակարարում իրականացվելու փաստի առթիվ:
2018 թվականի հոկտեմբերի 31-ին Պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մխչյան-Հովտաշեն կամրջի տակ ջրի խողովակաշարի վրա ապօրինի միացման մի քանի կետ է հայտնաբերվել:
Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԵԲՊ) ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից ապօրինի միացման միջոցով դեպի «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շուրջ 26 հա հողատարածքներ ջրամատակարարում է իրականացվել: Այդ մասին տեղյակ են եղել «Արտաշատ» ՋՕ ընկերության աշխատակիցները, որոնք ունեցել են ոռոգման ջրի նպատակային ու արդյունավետ օգտագործման և իրականացրած ծառայությունների դիմաց գումարներ գանձելու պարտավորություն, ինչը չեն կատարել՝ դրանով իսկ դրդել են «Ջրառ» ՓԲԸ պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցներին իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն և ծառայողական պարտականությունները չկատարելուն, այն է՝ տեղյակ լինելով ընկերության հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից խողովակների միացման ապօրինի և հիդրոտեխնիկական նորմերի տեսանկյունից անթույլատրելի լինելու մասին` ժամանակին և պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել դրանք ապամոնտաժելու ուղղությամբ: Արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառվել է մոտ 10.772.794 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ, Պետական վերահսկողական ծառայությունից ստացված ահազանգի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է Արարատի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին