Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթական համակարգը կարգի բերելու իրական ճանապարհը

Նոյեմբեր 14,2018 16:42

Հայաստանի անկախացումից հետո մեր կրթական համակարգում սկսվեցին տարբեր բարեփոխումների գործընթացներ՝ դպրոցական 10-ամյա կրթությունից անցում դեպի 12-ամյա կրթության  (կրտսեր, միջին և ավագ դպրոցների տարանջատմամբ), բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի հիմնում (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա աստիճանակարգերով), ինչպես նաև իրականացվեցին ծրագրային որոշակի փոփոխություններ: 1991-1992 թվականներին իրականացված ծրագրային փոփոխությունների անհրաժեշտությունն ինքնին հասկանալի էր՝ դասագրքերից պետք է հանվեին կոմունիստական գաղափարախոսությամբ ցեմենտված թեմաները, որոնցով ողողված էին ինչպես պատմա-հասարակագիտական առարկաները, այնպես էլ հայ և ռուս գրականությունների դասագրքերը: Գնահատելի է, որ այն ժամանակվա մեր կրթության նախարարությունը կարճ ժամկետում այդ առարկաների համար կարողացավ ստեղծել պահանջվող նոր դասագրքերը: Թվում էր, թե ամեն ինչ իր տեղն ընկավ, բայց կրթության նախարարությունը, ինչպես ասում են, տեմպի տակ ընկավ և չգիտես ինչու, սկսեց հերթով փոխել նաև դպրոցական գրեթե բոլոր առարկաների դասագրքերը: Շատ մասնագետներ սակայն պնդում էին, որ որոշ առարկաների (մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության) համար ստեղծված նոր դասագրքերն ավելի լավը չդարձան, քան հին դասագրքերն էին (դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ կրկնուսույցներ մինչև օրս գերադասում են պարապել հին դասագրքերով):

Հետագա տարիներին՝ պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի նվազ բյուջետային եկամուտների հետևանքով, հանրապետության կրթօջախները հայտնվեցին ավելի լուրջ դժվարությունների առաջ: Դասախոսների և ուսուցիչների խիստ ցածր աշխատավարձի պատճառով, որակյալ մասնագետների արտահոսք սկսվեց: Առաջացած թափուր տեղերը լրացնելու համար ստիպված էին լինում աշխատանքի ընդունել նաև ոչ մասնագետների: Պարզ է, թե դա ինչ անդրադարձ ունեցավ կրթության որակի վրա:

ՀՀԿ-ի իշխանության տարիներին հանրապետության կրթական համակարգում ավելացան նոր խութեր՝ մեր կրթօջախները ներգրավվեցին ընտրական գործընթացներում: ԲՈւՀ-երի ուսխորհուրդները դարձան երիտասարդ ՀՀԿ-ականների ձևավորման դարբնոցներ, դպրոցի տնօրենների մեծ մասը և շատ ուսուցիչներ դարձան ՀՀԿ-ական, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները դիտարկվեցին որպես ՀՀԿ-ի օգտին քվեարկողներ և ձայն բերողներ: Աշխատանքային առաջխաղացման համար բարձրորակ մասնագետ լինելն այնքան դեր չէր խաղում, որքան ընտրական հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ լինելը:

Թավշյա հեղափոխությունից հետո հույս առաջացավ վերացնել կրթության ոլորտում առաջացած վերը նշված անառողջ երևույթները և էապես բարձրացնել կրթության որակը: Անչափ գովելի է, որ մեր կրթության նոր նախարարն այդ ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում՝ արգելք դնելով կրթօջախներում նախընտրական քարոզչության իրականացմանը և տնօրենների, ուսուցիչների կուսակցական ակտիվությանը: Բայց սա անհրաժեշտ գործի դեռևս մի մասն է: Ինչ վերաբերվում է կրթության որակը էապես բարձրացնելուն, ապա այստեղ դեռ շատ անելիքներ կան: Այսօր մեր դպրոցներում և համալսարաններում դեռևս մեծ տոկոս են կազմում միջին և ցածր առաջադիմությամբ սովորողները: Իսկ դրան մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ հատկապես վերջին երկու տասնամյակներում աշակերտն ու ուսանողը տեսել են, որ մեր երկրում հաջողության հասնելու համար հիմնականում պահանջվել է համարձակություն, ճարպկություն, ազդեցիկ կապեր, փող և ամեն ինչի գնով հաջողության հասնելու մոլուցք: Հեռուստատեսային ֆիլմերն ու սերիալներն էլ իրենց կողմից են դա քարոզել: Ոստի մեր կրտսեր սերունդը սևեռվել է այդ ուղղությունների վրա, իսկ ատեստատն ու դիպլոմը դիտարկել որպես մի շարքային փաստաթուղթ, որը հնարավոր է հետագայում իրենց պետք գա՝ որևէ աշխատանքի տեղավորվելու համար: Ինչ վերաբերվում է գիտելիքի ձեռքբերմանը, ապա սովորողների գերակշիռ մեծամասնությունը դա մղում է երկրորդ կամ երրորդ պլան:

Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի սովորողների մոտ գիտելիք ձեռք բերելու լուրջ ձգտում առաջանա: Նորից կրթական բարեփոխումնե՞ր իրականացնել, թե՞ գնահատման ավելի խիստ չափորոշիչներ գտնել: Գուցե ուսումնական ծրագրե՞րը կրկին փոխել, թե՞ ավելի շատ քարոզել գիտելիքի կարևորությունը: Բայց այսպիսի քայլերը դժվար թե մեր ուզած արդյունքն ապահովեն:

Իսկ գուցե մեր ուզածին հասնելու համար մեր քայլերը պետք է ա՞յլ տեղից սկսենք: Առաջարկում եմ խնդրի լուծումը որոնել հետևյալ տրամաբանական շղթայի վերջնամասում: Կաշխուժանա՞ արդյոք երկրի տնտեսությունը, կառաջանա՞ առողջ մրցակցային դաշտ տնտեսության բոլոր ճյուղերում, այդ ճյուղերում լավ մասնագետների մեծ պահանջարկ կառաջանա՞, պահանջվող մասնագետների միջև տեղի կունենա՞ արդարացի մրցակցություն: Նշված հարցերի պատասխանը դրական լինելու դեպքում դպրոցում և համալսարանում սովորողի համար կարևոր կդառնա գիտելիքի ձեռքբերումը , որի շնորհիվ գիտելիք ունեցողը հնարավորություն կունենան աշխատանքի ընդունվելու համար կազմակերպվող հարցազրույցներում հաղթող թեկնածու դառնալ: Դա էլ իր հերթին կբերի բարձրակարգ գիտելիքներ մատուցող դպրոցների և համալսարանների պահանջարկին, որոնք էլ, բնականաբար, կհամալրվեն բարձրորակ մասնագետներով:  Եթե այս շղթան ձևակերպենք մեկ նախադասությամբ, կստացվի, որ մենք որակյալ կրթահամակարգ կունենանք միայն այն ժամանակ, երբ մեր տնտեսությունը դառնա գիտելիքահեն և մեր հանրապետությունում հաջողության հասնելու առաջին նախապայմանը դառնա գիտելիք ունենալը, մնացյալը կկարգավորվի ինքնըստինքյան:

Իսկ ինչպե՞ս սկսենք իրականացնել այդ կարևոր շրջադարձը: Դրա համար, ինչպես ասում են, նոր հեծանիվ հորինելու կարիք չկա: Պարզապես անհրաժեշտ է, որ մեր կառավարությունն ու ժողովուրդը լուրջ և հետևողական ջանքեր գործադրեն, որպեսզի.

1.շարունակաբար ապահովվի ընտրությունների ազատ և արդար անցկացումը (դրան մեծապես կնպաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի ընդունումը),

2.երկրի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները փաստացի տարանջատված և մեկը մյուսից անկախ լինեն (դրան կարելի է հասնել մեր սահմանադրության փոփոխությամբ՝ որի արդյունքում, գործադիրը բացարձակապես լծակներ չունենա միջամտելու օրենքների ընդունմանը և դատական վճիռների կայացմանը),

3.յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ հենց իրենից է կախված  զարգացած և ապահով երկիր ունենալու հնարավորությունը և դրա համար ընդամենը պահանջվում է, որ բոլորս հետևողականորեն ձգտենք դրան՝ օրինապահությունը դարձնելով մեր հիմնական վարքագիծը:

Կարծում եմ, որ հիմնականում այս երեք կետերի կատարումով է պայմանավորված մեր առաջիկա հաջողության գրավականը: Հատկապես կարևորում եմ անկախ դատարանների կայացումը, ինչը, վերջապես, վստահության մթնոլորտ կստեղծի մեր երկրում կատարվող ներդրումների պաշտպանվածության համար, որի արդյունքում էլ կտրուկ կավելանա ներդրումների հոսքը և արագորեն կզարգանա աշխատաշուկան: Արդյունքում՝ կձևավորվեն գիտելիքահեն տնտեսության մրցունակ ճյուղեր, որոնք էլ կդառնան որակյալ կրթահամակարգի ձևավորման շահագրգիռ և պահանջկոտ պատվիրատուները: Իսկ եթե այդպիսի պատվիրատուները լինեն, կատարողներն անպայման կհայտնվեն:

Ստացվեց հետևյալ քայլերի հաջորդականությունը՝ նախ պետք է բարելավել մեր իրավական և քաղաքական դաշտը, դրա շնորհիվ ձևավորել տնտեսության մրցունակ ճյուղեր, որի արդյունքում էլ կհասնենք կրթական համակարգի բարելավմանը: Կարծում եմ, որ սա է մեր կրթական համակարգը կարգի բերելու իրական ճանապարհը:

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930