«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ՀՀԿ-ի կողմից հրավեր է ստացել առաջադրվելու թիվ 3 ընտրատարածքում որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու: Ընտրատարածքն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները:
«Ազդակ» լրագրողական ակումբում Վահան Բաբայանը հավելեց՝ նաև լինելու է ՀՀԿ համապետական ցուցակում:
Նա հիշեցրեց՝ դեռ 2016-ին իրենց կուսակցությունը հայտարարել է, որ համագործակցելու են ՀՀԿ-ի հետ և նկատեց՝ ի տարբերություն շատերի՝ իշխանափոխությունից հետո չեն վազել այլ ճամբարներ:
Վահան Բաբայանն ասաց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները նույնպես ներգրավվելու են ՀՀԿ ռեյտինգային ցուցակում և իրենց կողմնակիցների, ընկերների հետ պայքարելու են, որ կարողանան մարզերում արդյունք ապահովել:
Դիտարկմանը՝ տարբեր կուսակցությունների ցուցակներում կան բազմաթիվ վարկանիշ ունեցող մարդիկ, հետևաբար ո՞վ է իր հիմնական մրցակիցը, Վահան Բաբայանը պատասխանեց. «Բոլորին համարում եմ հիմնական մրցակից: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել կարծում եմ նախադեպը չունեցող խորհրդարանական ընտրություններին: Բոլորին մաղթում եմ հաջողություն»:
Վահան Բաբայանն ասաց՝ բացառելու են հարձակումներն և վիրավորանքները, քանի որ հստակ գիտակցում են, որ եկել են ժամանակներ, երբ խորհրդարանում պետք է լինեն փորձ ունեցող, գրագետ կադրեր:
Վահան Բաբայանն ասաց՝ չի կարող այս պահին իրենց քայլերի և մարտավարության մասին խոսել, միայն հայտնեց, որ իր կարծիքով՝ ՀՀԿ-ն միակ ուժն է, որը կարող է կենտրոնացնել ու համախմբել ոչ իշխանական մտածողությամբ մարդկանց, որոնք դուրս են էյֆորիայից: Նա եզրափակեց. «Ավելի լավ է մեկ ուժի շուրջ կենտրոնանալ, քան ամբիցիաներից ելնելով՝ առանձին հանդես գալ»:
Վահան Բաբայանը տեղյակ չէ՝ ՀՀԿ-ի ցուցակում որ տեղում է: Նա վստահեցրեց՝ իր համար տեղը կարևոր չէ, այլ սկզբունքը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ