Քիչ առաջ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատեց խոսակցությունները, որ ինքը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ Արթուր Նալբանդյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը. «Հարգելի՛ եւ շա՛տ սիրելի լոռեցիներ: Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու՝ 9-րդ ընտրատարածքում: Առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով»,- գրել է Նալբանդյանը:
Ընտրություններին, որպես ռեյտինգային թեկնածու կմասնակցի նաեւ Լոռու ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող մարզի ղեկավարը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում ներկա եւ նախկին մարզպետների մրցապայքարը, ասաց. «Պայքար կգնա բոլոր թեկնածուների միջեւ, նույնիսկ մեր կուսակցության ներսում առողջ մրցապայքար կգնա: Չեմ կարող առանձնացնել նախկին մարզպետին, բոլորն էլ թեկնածու են, շատ ուրախ եմ, բոլորին հաջողություն եմ մաղթում: Մենք գործելու ենք մեր կուսակցության շահերը պաշտպանելու համար, չենք կիրառելու որեւէ վարչական ռեսուրս, եւ թույլ չենք տալու, որ նախկին պաշտոնյաները կիրառեն իրենց նախկին գործելաոճը»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ թեկնածուների ֆեյսբուքյան էջերից