ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանի ամբիոնից անողոք քննադատության ենթարկեց 2019 թվականի բյուջեի նախագիծը, բայց ասաց, որ նախագծին «կողմ» են քվեարկելու: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Aravot.am-ը Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց`եթե այդ բյուջեով Հայաստանը կանգնելու է փորձությունների առաջ, ինչո՞ւ են իրենք դրան «կողմ» քվեարկելու:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեմ քվեարկելը կնշանակի պարզապես խոչընդոտել, որովհետեւ 1-2 ամիս հետո այն, միեւնույնն է, ընդունվելու է եւ միայն մեկ ամիս հետ կընկնի իրականացումից: Բացի այդ, ՀՀԿ-ն հավատարիմ է մնում իր խոստմանը`չխոչընդոտել կառավարության գործունեությանը:
«Մենք պետք է աշխատենք այնպես անել, որ նոր ստեղծվող պառլամենտում գոնե ձեւավորվի իրական ընդդիմություն: Իսկ եթե հետաձգվեր, գոնե մեկ տարի ուշ լիներ, կառավարության աշխատանքին ռեալ գնահատական կտրվեր, հանրությունը կկողմնորոշվեր, դուրս կգար էյֆորիայից, ճիշտ գնահատական կտային»,- ասաց Վահրամ Բաղդասարյանն`անդրադառնալով արտահերթ ընտրություններին:
Նրա կարծիքով, շատ քաղաքական ուժեր չեն մասնակցում ընտրություններին, որովհետեւ չեն հասցնում նախապատրաստվել, ռեյտինգային ցուցակներ կազմել. «Ո՞վ պետք է պատասխան տա: Ինչո՞ւ արեցին այս ամեն ինչը: Քաղաքական դաշտը քայքայե՞ն, նորմալ քաղաքական պառլամենտի ձեւավորվելը ո՞ւմ չէր ձեռք տալիս: Բայց մենք պետք է պայքարենք, որ այդ պառլամենտում լինեն գոնե նորմալ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որ իշխանությանը հակակշիռ լինի: Այն պառլամենտը, որտեղ իշխանությունը չունի համարժեք ընդդիմություն, այդ պառլամենտը դատապարտված է կործանման»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ