Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Այս տարի բոլոր մարզաձեւերում նվաճված մեդալների 50-60 տոկոսը ծանրամարտին է բաժին հասնում»

Նոյեմբեր 14,2018 15:43

Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ ցանկանում է խոսել ոչ միայն աշխարհի առաջնության մասին, այլեւ ամփոփել տարին:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են ծանրամարտը, երկրպագել եւ ցանկացել են, որ հայկական ծանրամարտը զարգանա ու նվաճումներ արձանագրի: Մենք այս տարի բաց թողեցինք միայն Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որը կապված էր նախկինում դոպինգային պատմությունների հետ: Բայց արդեն հինգ տարի է, որ մենք ոչ մի խնդիր չունենք, բացի Սոնա Պողոսյանից, որի հետ կապված մինչեւ այսօր էլ որեւէ որոշում չկա: Նա կորակազրկվի, բայց երբվանից ու ինչքան ժամանակով, կարծում եմ, մինչեւ տարեվերջ միջազգային ֆեդերացիայից պատասխան կունենանք:

Մենք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը չմասնակցեցինք, բայց մյուս ինը պետություններից մեզ ժամկետից շուտ թույլատրեցին մասնակցել աշխարհի երիտասարդական, հետո նաեւ՝ Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Աշխարհի առաջնությունում հանդես է եկել երեք ծանրորդ ու երեքն էլ մրցանակակիր են դարձել. մեկը՝ 2-րդ, երկուսը՝ 3-րդ տեղ, իսկ Եվրոպայի պատանեկան առաջնությունում յոթ չեմպիոն տվեցինք: Մեզ թույլատրեցին մասնակցել նաեւ պատանեկան օլիմպիական խաղերին, որտեղ մեր միակ ներկայացուցիչը՝ Կարեն Մարգարյանը, նվաճեց չեմպիոնի կոչումը: Այս փաստերն ասում են, որ ծանրամարտը Հայաստանում ապագա ունի:

Ընդհանուր առմամբ մենք 2018 թվականին ունեցանք 73 մեդալ՝ պոկում, հրում վարժությունները եւ երկամարտը միասին վերցրած: Ինձ թվում է, որ եթե բոլոր մարզաձեւերում 2018 թվականին նվաճած մեդալները միացնենք, ապա 50-60 տոկոսը ծանրամարտն է բերել: Իսկ եթե Եվրոպայի մեծահասակների առաջնությանն էլ մասնակցեինք, այսօր վստահ կասեի, որ մեր բաժինը 60-70 տոկոս կկազմեր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930