Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարող ստել, ես չեմ գտնվել այնքան ուժեղ իմ թիմակիցների շրջանում, որ կարողանամ այս նախագիծը դարձնել օրենք». Ֆարմանյանի խոստովանությունը

Նոյեմբեր 14,2018 15:41

Խորհրդարանում քննարկվում է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի նախագիծը, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների՝ տոտոների, վիվարոների գործունեությունը «Շահումով խաղերի, վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով: Չեն լինելու վիվարոների գրասենյակները ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ վիրտուալ դաշտում:

«Տարատեսակ վիվարոները եւ տոտոները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք են: Դրա շուրջ կա համահայաստանյան համաձայնություն, հասարակության 99,9 տոկոսը այս հարցում համաձայն է»,- ասաց Ֆարմանյանը: Նա նշեց, որ այս նախաձեռնությունը նախորդ, այսինքն՝ իրենց իշխանությունների օրոք օրենք չի դարձել:

Ֆարմանյանն ասաց, որ այն միջոցները, որոնք ուղղվում են վիճակախաղի շուկա, որեւէ կերպ չեն նպաստում տնտեսական արդյունքի ստեղծմանը, այդ գումարը մարդիկ կարող են ուղղել հագուստի, սննդի, մեքենայի, անշարժ գույքի ձեռքբերմանը, որը կնպաստի տնտեսական աճին, բայց փաստացիորեն միլիարդավոր գումարներ Հայաստանում դառնում են «կույր», չեն նպաստում ոչ մի լավ բանի: Նա նշեց, որ ՀՀ-ում ասում են, թե աշխատանքն է բարեկեցության աղբյուրը, բայց հեռուստատեսությամբ քարոզվում է, որ երեխան չինգաչունգ խաղալով կարող է հարստանալ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց՝ դուք  չեք կարողացել այս նախագիծը նախորդ իշխանությունների օրոք անցկացնել, սա նշանակում է, որ առնվազն այս մասով դուք ընդունում եք, որ նախորդ իշխանությունները չեն կարողացել ճիշտ գնահատել ողբերգության ծավալները, նախանձախնդիր չեն եղել նման կարգի խնդիրների լուծմանը, նաեւ ինչ-որ չափով հովանավորել են նման խաղերի կազմակերպիչներին: Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Այո, ընդունում եմ, որ այս նախագիծը չի դարձել օրենք, դա նախորդ կառավարությունների գործունեության արդյունքն է: Ես չեմ կարող ստել, պնդել հակառակը: Ես չեմ գտնվել այնքան ուժեղ իմ թիմակիցների շրջանում իմ ազդեցությամբ, որ կարողանամ այս նախագիծը դարձնել օրենք: Ես դա ընդունում եմ: Բայց մեզ հաջողվել է կատարել որոշակի կես քայլ»:

Ֆարմանյանը հիշեցրեց, որ նախորդ օրենսդրությունը թույլ էր տալիս, որ 18 տարեկանը գնա տոտոյում կամ վիվարոյում ներդրում կատարի ու խաղա վիճակախաղ, հաջողվել է տարիքային շեմը օրենքով փոխել, դարձնել 21: Նա ասաց, որ այս գործունեության հետ կապված տեղի են ունենում հանցագործություններ, մարդասպանություններ, ավազակային հարձակումներ. «Մենք գործ ունենք խեղված տասնյակ հազարավոր ընտանիքների ու մարդկային ճակատագրերի հետ: Ես հասկանում եմ, որ 2-3 առանձին ընտանիքներ միլիարդավոր եկամուտներ են ստանում, բայց ամբողջ մի ժողովրդի ճակատագիր, կամ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խեղված ճակատագրերն ավելի կարեւոր են, քան 2-3 ընտանիքների ունեցվածքը եւ նրանց լոբբիզմով զբաղվող ոմանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930