ՀՀԿ-ն վարելու է կառուցողական-գաղափարական քարոզարշավ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ընտրություններից ակնկալիք քվեների մասին չցանկացավ խոսել: Կսպասի հանրության գնահատականին: Միայն պատմեց, որ բոլոր ընտրություններից առաջ, ինքն իր համար մի թիվ է գրել`գումարած-հանած 500, եւ առանձին դարակում դրել. «Որեւէ մեկ անգամ չեմ բարձրաձայնել այդ թիվը: դեռ չեմ սխալվել: Հիմա այդ թիվն էլ չեմ բարձրաձայնի»: Ամսի 17-18-ին այս անգամվա թիվն էլ կգրի:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ շատ քննադատվեց ՀՀԿ-ի օրերս հրապարակած հայտարարության նախագիծը:
«Եթե չքննադատեին, ես կվիրավորվեի»,-պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը` հիշեցնելով, անգամ երբ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն չէր մասնակցում, ամբողջ քարոզարշավը կառուցվեց ՀՀԿ-ի շուրջ. «Այսինքն՝ ինչ-որ վտանգ կա հա՞ ՀՀԿ-ից»:
Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, այդ բանաձեւը քաղաքական ու պատմական փաստաթուղթ է, դրանում խորությամբ վերլուծված է իրավիճակը. «Եթե ՀՀԿ-ն դասեր չքաղեր անցյալից, անիմաստ էին այս բոլոր քայլերը, այս ընտրություններին գնալը: Եթե ՀՀԿ-ն սխալներ չունենար, նման իրավիճակ չէր ստեղծվի: Եթե չուղղվեն այդ սխալները, դա արդեն իսկ նշանակում է, որ մենք որևէ քայլ ապագայի նկատմամբ ի վիճակի չենք կատարելու: Եվ սխալներից դասեր քաղելով՝ պետք է ապագան կերտենք»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ