Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Աշոտյանի ահազանգին,
որ ՀՀԿ-ական պոտենցիալ թեկնածուներին սպառնում են
«Տնաշեննե՛ր, ձեզ պետք չի 85 տոկոս, ի՞նչ եք անում, հո Նիկոլբաշի չե՞ք սարքելու»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիմելով՝ ասել էր ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը:
«Առավոտի» հետ զրույցում ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ «չկա նման բան», իրենք բացարձակ չեն պլանավորում անպայման 85 տոկոս ձայն հավաքել. «Իրենք իրենց չափանիշներով են մեզ չափում, հերիք է իրենց չափանիշներով մեզ նայեն»:
Աշոտյանը նաեւ ահազանգել էր, որ իշխանությունները ՀՀԿ-ի պոտենցիալ թեկնածուներին մեղմորեն սպառնում են, համոզում են, որ ՀՀԿ-ի ցուցակով չառաջադրվեն, ասում են՝ «երեխուդ մասին մտածիր»: Ալեն Սիմոնյանի արձագանքն ուշագրավ էր՝ «Ի՞նչ, Հիսուս քեզ Քրիստոս, Աստված իմ, էլի գնացին իրանց հին Հայաստանը՝ իրանց մտքերով: Նախապես ասում են, որովհետեւ մտածում են, որ մենք իրենց պես ենք վարվելու: Իհարկե, ոչ»: Աշոտյանն ասել էր, որ որոշակի ապացույցներ ունեն, Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Էս վեց ամիս է՝ ասում են՝ ապացույցներ ունենք: Հիշո՞ւմ եք, որ առաջին օրերին ասում էր՝ ես, որպես պատգամավոր, պատրաստ եմ բոլոր խոշտանգված մարդկանց, ովքեր… թող դիմեն ինձ: Հարցրեք մի հատ՝ քանի՞ հոգի է դիմել, էդ ինչե՞ր են խոսում: Իրենք նաեւ խոսում էին, որ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշում է գործադրվում, որ մամուլն ազատ չի, դուք ձեզ վրա ճնշում զգո՞ւմ եք, ձեր կոլեգաներից ինչ-որ մեկը ճնշման ենթարկվե՞լ է մեր կողմից: Բա ինչի՞ մասին է խոսքը, աբսուրդ է: Իրենք մեզ դրել են իրենց տեղը, իրենց չափանիշներով, իրենց մակարդակով են գնահատում դիմացինին: Այն հրեշը, որ իրենք կային, մենք էդ հրեշը չենք»:
Մենք ճշտեցինք՝ ճի՞շտ է, որ մարդիկ կան՝ առավոտն արթնանում են Նիկոլ Փաշինյանի անունը շուրթերին, գիշերը քնում են՝ «Հայր մերի» փոխարեն «Նիկոլ մեր» ասելով, կա՞ այդ մթնոլորտը այսօր: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը դրա հետ կապված ասել էր, որ մտահոգված են՝ ԼՂ հարցով հանկարծ տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, ինքը չի կարողանալու ասել՝ ժողովուրդը չի թողնի, պրոբլեմ է ունենալու, որովհետեւ մարդիկ «Հայր մերի» փոխարեն «Նիկոլ մեր» են ասում: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վստահ չեմ, որ այդ մթնոլորտը բոլորի մոտ կա, բայց վստահ եմ, որ Սերժ Սարգսյանին անընդհատ հիշում են եւ բացասական առումով են հիշում»:
ՀՀԿ-ն քննադատում է գործող իշխանություններին՝ ասելով, որ գալով իշխանության, ՀՀԿ-ի ծրագրերն են իրականացնում, եթե բան չէր փոխվելու, «հենա մենք կանեինք»: Մասնավորապես մատնանշում են ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ անդամակցության շարունակումը, արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակ եւ այլն: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գրեթե բոլոր ճյուղերում իրենք, այսպես ասած, նստացրել են ադ ոլորտն այդ ասեղի վրա, այդ գծի վրա ու կառուցել են տասնամյակներ շարունակ, որ, ենթադրենք, պիտի անպայման ջրառ լինի Սեւանից, որովհետեւ եթե ջրառ չի լինում, գյուղացին չի կարողանում ոռոգել իր այգիները: Իրենք համակարգը կառուցել են այնպես, որ որեւիցե մեկը հիմա չէր կարող դա կտրուկ փոփոխության ենթարկել: Բայց խոսքը գնում է քաղաքական կամքի եւ տեսլականի մասին: Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, ոնց որ միակ խանութը, որտեղից դու կարող ես հաց գնել, գտնվում է 5 կմ հեռավորության վրա: Մինչեւ մենք նոր խանութը ստեղծենք, մենք ստիպված ենք այդ 5 կմ-ը գնալ-գալ, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք իրենց քայլերն ենք կրկնում: Դա նշանակում է, որ իրենք այնքան վատ են արել ամեն ինչ, որ մենք ստիպված ժամանակավոր լուծումներ ենք տալիս, մինչեւ նոր լուծումներ գտնենք, սա է տրամաբանությունը»:
ՀՀԿ-ի հաջորդ քննադատությունն այն է, որ ՔՊ-ն թիմ չունի, Նիկոլ Փաշինյանն է, ու հետեւում ուժ չկա, հենց Փաշինյանը մի հատ գրիպ ընկավ՝ բոլորը կորած են: Ալեն Սիմոնյանն ասաց. «Հեսա ես Կենտրոն համայնքում իրենց ներկայացուցիչներին կապացուցեմ, որ ինքը թիմ ունի: Ես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ չե՞մ, ես ինքնուրույն քաղաքական գործիչ չե՞մ: Արարատ Միրզոյանը այնտեղ կապացուցի, Արայիկ Հարությունյանը՝ այնտեղ, Սասունը Միքայելյանն այնտեղ կապացուցի: Բա որ թիմ չունեն, իրենց պետական համակարգը ո՞նց տենց բրթեցինք՝ ընկավ: Երբ որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր, ո՞վ էր ժողովրդի հետ խոսում: Իսկ որ ես գնացի, ո՞վ էր ժողովրդի հետ խոսում, Ռուբեն Ռուբինյանն էր խոսում, Էդուարդ Աղաջանյանն էր խոսում, Դավիթ Սանասարյանն էր խոսում: Իրենք հավատում են ու տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել: Էդպես արեցին, որ իշխանությունը կորցրին: Իրենց թվաց, թե «ընդեղ թիմ չկա, մի հատ Նիկոլ ա, Նիկոլին բռնենք, Սասունին բռնենք՝ վերջացա՜վ», բայց տեսան, որ թիմը մենակ Նիկոլը չի, այնտեղ Ալենն է, ժողովուրդն է, խանութի վաճառողն է… Իրենց թիմն այն է, որն իրենց կերակրատաշտակին մոտ է ու ինչ-որ բան է իրենց հետ կիսում: Հի՛ն են իրենք, իրենք հի՛ն են՝ իրենց պահվածքով»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
14.11.2018