«Սա այն եզակի դեպքերից է եղել, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սիրով եւ համերաշխությամբ, առանց իրար հետ վիճելու, առանց բղավելու եւ առանց բուռն քննարկումների ցուցակ է հաստատել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող ՔՊ-ի վարչության անդամ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով տեղեկություններին, որ կուսակցության նախընտրական ցուցակի շուրջ վեճեր են եղել եւ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ պատռել է այն։ «Ասեմ ավելին, ցուցակը կազմելուց հետո եւ վերջնական քննարկումից հետո չնչին փոփոխություններ է կրել»,- հավելեց նա:
Լրագրողը պնդեց, որ թիմում լուրջ դժգոհություններ կան, որ որոշ մարդիկ յուրայիններին են «առաջ բրթում»: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կրկնում եմ՝ շատ հարթ է տեղի ունեցել: Այն բոլոր մարդիկ, որոնք որ նման բաներ են ասում, մի հատ իրենցից հարցրեք՝ արդյոք մենք բոլորս լավ հարաբերություններ ունե՞նք մեր հարեւանների հետ, մեր բոլոր ընկերների հետ. իրենք կկարողանա՞ն ցուցակ կազմել, որ միահամուռ բոլոր լրագրողների եւ բոլոր քննադատների կողմից կընդունվի։ Իհարկե՝ ոչ։ Որեւիցե մեկը չի կարող նման բան ասել»:
Լրագրողներից մեկի հարցը`ՔՊ-ի ցուցակում «ՀՀԿ-ի տասովչիկների» մասով, բարկացրեց Ալեն Սիմոնյանին, նա խնդրեց`«սադրիչ հարցեր մի տվեք»:
Մանրամասները`տեսանյութում
Aravot.am-ին էլ հիշեցրեց, որ Ապարանում եւս խնդիր էր առաջացել այդ մասով: Տեղացիները պնդում էին, որ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի բանակի ընկերն է առաջադրվելու`Մաթոս Ասատրյանը, նաեւ մեկը`Օհանավանի գյուղապետ Պարույր Մաթեւոսյանը, որը հայտնի է նախկինում ԲՀԿ-ի համար գումար բաժանած մարդ: Ալեն Սիմոնյանը պատասխանեց`քվոտավորում չի եղել`Սուրեն Պապիկյանի ընկեր կամ Ալեն Սիմոնյանի ընկեր:
Այլ մանրամասները`շուտով տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ