Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Գալչյան. «Հայաստանը ներկա է աշխարհի առաջին աշխարհացույց քարտեզում»

Նոյեմբեր 14,2018 14:17

Նոյեմբերի 14-ին ՀԲԸՄ դահլիճում ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ, KARDES կազմակերպությունը, ՀԲԸՄ Հայաստանը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը համատեղ անցկացրին Աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) միջազգային օրվան նվիրված միջոցառում-դասընթաց, որի նպատակն էր ներկայացնել ԱՏՀ-ն որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ:

Ավելի քան 60 դպրոցների ուսուցիչների նրանք ծանոթացրին Աշխարհատեղեկատվական համակարգին, տեղանքի վերլուծության և որպես ուսումնական գործիք ԱՏՀ-ի կիրառման կարևորությանը:

«Գեոտեխնոլոգիաները, ինչպես նաեւ բիոտեխնոլոգիաները եւ նանոտեխնոլոգիաները, 21-րդ դարի երեք կարեւոր ուղղություններն են համարվում: ԱՏՀ-ն հարցումների եւ որոշակի չափանիշների վրա հիմնված խնդիրների լուծմանն ուղղված առաջադրանքների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է դաշտային աշխատանք եւ տալիս է մասնագիտական հմտություններ պահանջված ոլորտներում»,- ասաց KARDES-ի հիմնադիր եւ տնօրեն Բագրատ Բալաբանյանը:

Նրա խոսքով, ինչպես աշակերտն ուսուցման գործընթացում օգտագործում է PowerPoint- ը, այնպես էլ կարող է օգտագործել ԱՏՀ-ն: Բագրատ Բալաբանյանը հավելեց, որ այն հարմար է, օրինակ՝ լեզվի, մաթեմատիկայի, աշխարհագրության ուսուցման դեպքում:

Մանրամասները` տեսանյութում:

Նա հավելեց, որ ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում STEM/ ԳՏՄՃ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) կրթության զարգացմանը: Այս համակարգը աշակերտներին կսովորեցնի նաեւ օգտագործել, ստեղծել եւ տարածել քարտեզներ, հավաքել ու ներմուծել տվյալներ, կատարել վերլուծություններ եւ աշխատել մեծածավալ տվյալների հետ: Աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական եւ տարածական մտածողությունը:

«Վերջիվերջո մենք ուզում ենք, որ մեր աշակերտները պատրաստ լինեն ապագայի մարտահրավերներն ընդունելու եւ հաջողելու»,-ընդգծեց պարոն Բալաբանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«ԱՏՀ-ի ներդրումը Հայաստանի ուսումնական ծրագրում» փորձնական փուլը կգործի սեղմված ծավալով 2018-19 ուսումնական տարեվերջի սահմանված ժամկետները բավարարելու համար: Ընտրված է 25 դպրոց, ծրագիրը 6-7-րդ դասարանների աշակերտների համար է:

Ճանաչված քարտեզագետ Ռուբեն Գալչյանը հանդես եկավ «Հայաստանը օտարների 2500 տարվա քարտեզներում եւ դրանց կարեւորությունը» թեմայով ներկայացմամբ:

Մանրամասները` տեսանյութում:

«Արարատի եւ Վանա լճի մեջտեղը անվանված է Եդեմ»,-ասաց Գալչյանը ու ցույց տվեց, թե ինչպես է հնագույն քարտեզներում Հայաստանը պատկերված Դրախտի կողքին: Ներկայացրեց պարսից Արքա Դարեհ Մեծի Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 517թ.), որտեղ Հայաստանը որպես հարեւան երկիր էլամեներով կոչված է Հարմինույա, պարսկերենով` Արմինիա, իսկ բաբելոնյան լեզվով` Ուրարտու:

«Եթե որեւէ օտար, որ հայերի մասին գաղափար չունի, հարցնի` դուք հայերդ ինչ ժողովուրդ եք, սովորականի նման պետք է պատասխանեք, որ առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք: Բայց եթե դիմացինդ քրիստոնյա չէ, մուսուլման է, բուդդիստ է կամ անհավատ, իր համար ի՞նչ նշանակություն ունի, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են…

Մենք կարող ենք հպարտանալ նրանով, որ աշխարհի առաջին աշխարհացույց քարտեզում` ստեղված 2600 տարի առաջ, ներկա ենք, մինչդեռ ոչ մի եվրոպական պետություն այնտեղ գծված չէ: Դա ավելի հիմնական փաստ է, ինչպես մ.թ.ա. 517թ. պատրաստված սեպագիր արձանագրությունը»,-շեշտեց պարոն Գալչյանը:

Ինչ վերաբերում է պատմահայր Հերոդոտոսի Աշխարհացույց քարտեզին (մ.թ.ա. 5-րդ դար), այստեղ էլ, Գալչյանի փոխանցմամբ, Հայաստանը տեղադրված է Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930