Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքային լուրեր»-ը համայնքների համար լավագույն հնարավորություն է` չսահմանափակվելու համայնքի սահմաններում

Նոյեմբեր 14,2018 13:50

Այսօր, քան երբևէ, կարևորվում են տեղական հոսքերի ճիշտ կառավարումը, դրանց հասանելիությունը, առավել մեծ լսարանի ապահովումը:

Համայնքների համար այն ևս առաջնային է, որի առանցքում համայնքային կյանքը դիտակետից ներկայացնելու, կատարված աշխատանքը տեսանելի և հասանելի դարձնելու խնդիրներն են:

Հայաստանի Համայնքների միությունն էլ իր գործունեության ընթացքում շեշտադրում է տեղեկատվական բաղադրիչը և արդեն երկրորդ տարին է, ինչ մի հարկի տակ է հավաքում համայնքների լրատվության և հանրային կապերի պատասխանատուներին, մամուլի քարտուղարներին:

Տարբեր ձևաչափերով անցկացվող դասընթացների նպատակն է` մասնագետների կարողությունների զարգացումը, համայնքների տեղեկատվական համագործակցությունն ու ցանցային տեսանելիության բարձրացումը:

Իհարկե, տարբեր են համայնքները, տեղեկատվական ոլորտում կազմակերպվող աշխատանքներն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն գլխավորն այն է, որ յուրաքանչյուր համայնք պետք է ապահովի տեղեկատվության հասանելիություն և ձգտի մեծացնել իր լսարանը:

ՀՀՄ-ի հերթական դասընթացներն էլ, որոնք մեկնարկել են հոկտեմբերից, ի թիվս ոլորտային մի շարք հարցերի, որոնք ներկայացվում են PR փորձագետ Անուշ Բեղլոյանի և ՀՀՄ հանրային կապերի պատասխանատու Տաթև Հարությունյանի կողմից, համայնքների լրատվական ծառայության պատասխանատուների համար ոչ միայն նոր հմտություններ ձեռքբերելու, այլ նաև համագործակցության լավագույն հնարավորություն է:

Տեղեկատվական հոսքերի մեջ սեփականը չկորցնելու, այն լսելի և տեսանելի դարձնելու արդյունավետ գործիք է մշակվել համայնքների միության կողմից:

«Համայնքային լուրեր» հարթակը, ինչպես նշեց Տաթև Հարությունյանը, նպատակ ունի թելադրել տեղեկատվական քաղաքականություն:

«Հունիսի 25-ից գործող հարթակը /ֆեյսբուքյան էջ/, որն արդեն աշխատում է մի քանի տասնյակ համայնքների հետ, համայնքապետարաններից ստացվող համակարգված լուրերի տեղեկատվության տրամադրման միջոցով փորձում է լրացնել մի շարք բացեր, համայնքները դարձնել առավել տեսանելի, ստեղծել ամբողջական ցանց, որը կօգնի փորձի փոխանակմանը, հաջողված պատմությունների տարածմանը»,- նշում է ՀՀՄ հանրային կապերի պատասխանատուն:

Համայնքներն ունեն իրենց պաշտոնական կայքէջերը, որը նաև օրենքի պահանջ է, շատ համայնքներ գործարկել են նաև ֆեյսբուքյան էջերը, սակայն այս հարթակն էլ ևս մեկ հնարավորություն է նյութի տարածման, միջհամայնքային համագործակցության:

 

PR փորձագետ Անուշ Բեղլոյանն էլ հավելեց` չպետք է սպասել, որ մեզ նկատեն կամ ուշադրություն դարձնեն, մենք պետք է ստեղծենք մեր լրահոսը, որից կօգտվեն և պետական գերատեսչությունները, և լրատվամիջոցները:

«Համայնքային լուրեր»-ը համայնքների համար լավագույն հնարավորություն է` չսահմանափակվելու համայնքի սահմաններում, դուրս գալու մեծ կամ փոքր տնից, ապահովելու առավել բազմամարդ լսարան` համայնքային կյանքի իրադարձություններին տալով հնչեղություն, ինչու չէ, սպասելով նաև արձագանքներին:

Համայնքների միությունը պատրաստ է աշխատելու բոլոր համայնքների հետ, կենտրոնացնելու համայնքներից եկող լրահոսը:

Ինչպես նկատեց Տաթև Հարությունյանը, որը հարթակի աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է և ադմինիստրատորը, այս ձևաչափը նպաստելու է նաև համայնքների ինքնակազմակերպմանը:

«Մեր աշխատանքային թիմը լուրերի տեսանելիության բարձրացման նպատակով, ինչպես նաև միջհամայնքային համագործակցությունը կարևորելով, ստեղծել է այս հարթակը, որի կենսունակությունը, բարձր դիտելիությունը պայմանավորված է հենց համայնքների ակտիվությամբ և նպատակամետ աշխատանքով»,- հավելեց ՀՀՄ հանրային կապերի պատասխանատուն:

Արմինե ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930