Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի վաճառեք ձեր ձայնը, երբ ձեզ նման առաջարկ կանեն». Սվիտալսկի

Նոյեմբեր 14,2018 13:38

«Այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը Հայաստանում, մի վաճառեք ձեր ձայնը, երբ ձեզ նման առաջարկ կանեն, բարձրաձայնեք դրանց մասին, թույլ մի տվեք, որ ձեզ վրա վարչական ռեսուրս կիրառվի»,- այսօր կառավարության շենքում ասուլիսի ժամանակ ՀՀ ընտրողներին կոչ արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Մինչ այդ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրեցին փաստաթուղթ՝ Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, ԵՄ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի կողմից՝ համապատասխանաբար 0,7 միլիոն դոլար, 1,5 միլիոն եվրո, 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ եւ 1,5 միլիոն շվեդական կրոն դրամական օժանդակությամբ, ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի ու թափանցիկ ընտրություններ՝ ապահովելով 2017-ի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, քվեարկության օրն ընտրատեղամասերի եւ քվեարկության արդյունքների ամփոփման  ուղիղ հեռարձակումը՝ 2000 ընտրատեղամասերից մոտ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրանցման գործընթացն ու ընտրողների իրազեկումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման եւ գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում, ԿԸՀ-ին աջակցելու միջոցով նպաստել ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց ու երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդակի բարձրացմանը:

«Բոլոր ջանքերի հիմքում ոչ միայն տեխնիկական աշխատանքային պարտավորություններն էին, այլեւ մեր գործընկերների հավատը Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու գաղափարին»,- այսօր լրագրողներին ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930