Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունների մոտեցումների և Դուշանբեի պայմանավորվածության մասին

Նոյեմբեր 14,2018 13:25

Միանշանակ կողմ եմ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նոր իշխանությունների տեսակետներին, սակայն մենք պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերենք, քանի որ անհրաժեշտ է լինելու հստակեցնել գործընթացում Արցախի և Հայաստանի բանակցելու չափաբաժինը և անելիքները:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«1998թ. Ռոբերտ Քոչարյանը դառնալով Հայաստանի նախագահ`բանակցային գործընթացում հանդես եկավ նաև որպես Արցախի ներկայացուցիչ այն պարզ պատճառով, որ տեղյակ էր Արցախի նիստուկացից: Սակայն դա ճիշտ չէր: Դա մեր բացթողումն էր, միջազգային հանրության սխալն` ի դեմս Մինսկի խմբի, քանի որ դրանով խախտվել էր բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած բանաձևը: Հակամարտությունն Արցախի և Ադրբեջանի միջև է, և բանակցային գործընթացում որպես հակամարտող կողմ պետք է հանդես գա Արցախը, այլ ոչ թե Հայաստանը»,- նշեց Վ. Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը, ապա Վ. Բալասանյանը նշեց, որ ցանկացած նման հանդիպում կարևոր է, սակայն նա համոզմունք հայտնեց, որ այդ պայմանավորվածությունն Ադրբեջանին անհրաժեշտ է եղել, և Ադրբեջանն իր շահերն էր հետապնդում: Ըստ նրա` դրանով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների էջը կարելի է համարել փակված:

«Նման համաձայնության գնալը պայմանավորված է նաև ներքին խնդիրներով և ներքաղաքական որոշակի լարվածության առկայությամբ, քանի որ այնտեղ սոցիալական վիճակը գնալով վատթարանում է: Բացի այդ Ադրբեջանը նաև փորձում է ժամանակ շահել` տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից հետևություններ անելու համար»,- պարզաբանեց Վ. Բալասանյանը` ընդգծելով, որ այս ամենից բացի Ադրբեջանը շարունակում է նաև ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել:

Նա նշեց` պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը համաձայնության է գնում այն ժամանակ, երբ իրեն անհրաժեշտ էր լինում վերազինվելու և այլ հարցեր լուծելու համար:

«Դրա վառ օրինակներից է նաև 2016թ ապրիլը: Հակառակորդի գրոհը կասեցնելուց հետո պլանավորում էինք անցնել հակահարձակման, երբ նրանք վայրկյան առաջ դիմեցին հրադադարի հաստատման համար»,- նշեց Վ. Բալասանյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930