Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ Էդուարդ Շարմազանովի քննադատությանը, որ բյուջեի նախագծում կիրառական հայագիտության մասով բացթողում կա:
Նա ասաց. «Միլիարդավոր դրամներ են տրվում հայագիտությանը, բայց արդյունքը շատ փոքր է: Հիմա մենք նայում ենք՝ ուր են գնում այդ գումարները, ինչ անորակ պարբերականների, ինչ անորակ կենտրոնների են գնում այդ գումարները: Տնտեսագիտության պրոֆեսորի համար ստեղծել են մի հիմնադրամ՝ հայագիտության համար: Տնտեսագիտության պրոֆեսորի, որ զբաղվածություն ունենա: Այ, այսպես ենք ծախսել մեր գումարները»:
Խոսելով հայ եկեղեցու պատմության առարկայի մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Անընդհատ շեշտելով, տարբեր թեմաներ՝ Հայ եկեղեցու պատմություն, ԼԳԲՏ եւ մնացած ամեն ինչը, փորձում են դիսկուրս փոխել: Այնինչ բոլոր առարկաները՝ հայ եկեղեցու պատմություն եւ մնացած բոլոր առարկաները լուրջ վերանայման կարիք ունեն, նաեւ եկեղեցու պատմությունը, նաեւ մաթեմատիկան, նաեւ ռուսերենի դասավանդումը: Եվ այս էժան մանիպուլյացիաները մեզ խանգարում են, բայց մենք ունեք մեր նպատակները, այդ խանգարելով հանդերձ՝ մենք առաջ ենք գնալու»;
Նա ասաց, որ իհարկե, գիտությունը պետք է ունենա ազգային նկարագիր. «Անգելա Մերկելի հետ երբ զրուցում եմ, ես չեմ կարող զրուցել, օրինակ, մարզագիտության մասին, կամ տարբեր ոլորտների մասին, որոնք ՀՀ-ում զարգացած չեն: Պետք է խոսեմ, իհարկե, մաթեմատիկայի մասին, որը զարգացած է, բնագիտական ոլորտի մասին»:
Ռազմահայրենասիրական դաստիարակության մասին խոսելիս Հարությունյանն ասաց. «Այլեւս մեր դպրոցներում չպետք է լինեն խմբակներ, որոնց տրվում են 100 մլն-ավոր դրամներ պետական բյուջեից, որտեղ գովերգվելու են տուշոնկայով հարստացած նախկին զինվորականներ: Սա չի՛ լինելու ու սա էլ թող չշահարկեն, որ տարբեր խմբակների գումարը կտրել են: Կտրել ենք ու տալու ենք այլ նպատակների համար, որպեսզի ՀՀ քաղաքացի դաստիարակվի: Իսրայելն են միշտ օրինակ բերում: Իսրայելում հարցնում են՝ ինչո՞ւ է ձեր երեխան այդպես ուժեղ, ասում են՝ մեր երեխան փոքրուց գիտի իր իրավունքներն ու պարտականությունները: Մենք այ սա՛ պետք է սովորեցնենք դպրոցներում, այ սա՛ է հայրենասիրությունը, ոչ թե տարբեր խմբակներ պահելը»:
Արայիկ Հարությունյանը համամիտ է, որ տնտեսության եւ կրթության ոլորտները սերտ կապ ունեն իրար հետ ու երկրներ կան, որտեղ այդ երկու նախարարությունները միացված են. «Այսօր ուզում են, որ կրթության ոլորտում աշխատավարձերը բարձրացվի, բայց դա կապված է էկոնոմիկայի նախարարության հետ»:
Աշխատավարձերին անդրադառնալով՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ 2019-ի բյուջեում աշխատավարձերի բարձրացման տող կա՝ «Ուսուցիչ» ծրագիրն է. «Սա, ես կարծում եմ, ամենակարեւոր բանն է, որ ուսուցչի վերապատրաստումը անմիջապես կապ պետք է ունենա իր աշխատավարձի հետ: Այս ծրագիրը մենք հաջորդ տարվանից դնելու ենք, սիրելի՛ ուսուցիչներ, ձեր աշխատավարձը բարձրացվելու է՝ ձեր վերապատրաստման արդյունքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ