Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը առաջիկա արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված չի լինելու: Այսօր փորձեցինք պարոն Հակոբյանի հետ զրույցում հասկանալ`ինչո՞ւ երիտասարդ ՀՀԿ-ականները չեն ընդգրկվել ՀՀԿ-ի ցուցակում, երբ երրորդ անգամ երկրի ղեկավար դառնալու իր հավակնությունները կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը բացատրում էր նրանով, որ գալիս է երիտասարդներին պատրաստել-վերապատրաստելու համար:
Պարոն Հակոբյանը հրաժարվեց մեկնաբանել`իր`ՀՀԿ- ցուցակում չլինելու տեղեկությունը, հրաժարվեց պատասխանել նաեւ այլ հարցերի: Ասաց. «Ցուցակը կհրապարակվի`կխոսենք»:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի ցուցակում չի լինելու նաեւ Սամվել Ֆարմանյանը: Նա նույնպես հրաժարվում է հարցազրույցներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը եւ Արման Սաղաթելյանը տարածել էին հայտարարություն, որում մասնավորապես ասված էր. «Մի՛ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա՛յք, պարզապես մի՛ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ