Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը սուր քննադատեց Աշոտյանին. «ԿԳՆ ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց, նույնն է, որ մեր ՊՆ նախարարի զավակը ծառայի օտար բանակում»

Նոյեմբեր 14,2018 12:33

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ սուր քննադատության ենթարկեց ՀՀԿ-ի իշխանության օրոք կրթական քաղաքականությունն ու համակարգը, առանց անունը տալու՝ անդրադարձավ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի զավակներին, որոնք մասնավոր դպրոց են հաճախում:

Նա նախ հայտարարեց, որ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական եւ արդար. «Ի՞նչ ենք ունեցել նախկինում. Ոլորտում եղել են մարդիկ, որոնք առաջնորդվել են իրենց անձնական շահերով՝ պաշտոնյաներ, կրթական ոլորտի ղեկավարի գործունեության լավագույն արդյունքը վատ առումով եղել է այն, որ կրթական ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց:  Դա, ըստ էության, նույն է, որ մեր պաշտպանության նախարարի զավակը ծառայի օտար բանակում: Դա նույնն է, որ առողջապահության նախարարը մինիմալ առողջապահական կարիքները հոգալու համար գնա հարեւան պետություններում հոգա այդ կարիքները: Այ էս է եղել նախկինում մեր կրթության որակի վիճակը եւ ես ուրախ եմ, որ վերջին 6  ամիսների ընթացքում հաջողվել է լուրջ քայլեր անել:

Մեր ընդդիմախոսներն ասում են, թե ապաքաղաքականացումը դարձրել եք ձեր հիմնական դրոշակը: Բա ի՞նչ անենք, եթե ստիպում եք ուսուցչին ընտրությունից ընտրություն նվաստանալ, ընտրությունը կեղծել ու հետո գլուխը կախ գնալ քաղաքացի կրթելու: Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է ապաքաղաքականացնեինք, որովհետեւ դա անմիջապես ազդում է կրթության որակի վրա:

Հեգնանքով ասում եք, թե կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել եք դրոշակ: Բա ի՞նչ պետք է անեինք, բա դպրոցից, բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չե՞ն ազդում այդ կրթության որակի վրա, բա ի՞նչ են անում, ազդում են: Դպրոցից գումար եք տանում, բուհից գումար եք տանում ու դա ազդում է կրթության որակի վրա, դա կարելի էր ներդնել հենց նույն բուհում, նույն դպրոցում՝ որակը բարձրացնելու վրա: Հլը մի հատ գնացեք հիմնական դպրոցներ ու դպրոցների վիճակը նայեք, տարրական զուգարաններ չունեն դպրոցները: Առաջիկայում էս ամենի համար պիտի աշխատենք, նախ պետք է ճահիճը չորացնենք, որովհետեւ եթե դու ուզում ես լուրջ հիմք դնել, դու չես կարող ճահճի վրա լուրջ հիմք դնել, ինչ անես՝ կտանի, կկլանի ճահիճը»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ կրթական համակարգը նախ պետք է լինի արդար, որ մարդը հաճույքով այնտեղ գնա ու աշխատի. «Եթե մարդը հաճույքով չի աշխատում, նա չի կարող արդյունք տալ: Երեկ վարչապետը խոսեց էվոլյուցիոն օպտիմալացման մասին: Այո՛, մենք պետք է գնանք լուրջ փոփոխությունների՝ կազմակերպման առումով»: Նա ասաց, որ 10 հազար դրամ ստացող ուսուցիչը չի կարող արդունավետ աշխատել, օպտիմալացում պետք է անեն, բայց մինչ այդ մյուս ուսուցիչներին, որոնք տեխնոլոգիա են դասավանդում, պետք է վերապատրաստեն, որ մյուս թափուր հաստիքները զբաղեցնեն:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը խոսեց նաեւ նախկինների չարաշահումներից. «Առաջիկայում մենք հաշվետվությամբ հանդես կգանք ու դուք կտեսնեք, թե քանի միլիարդ դրամ ծախսվել է տարբեր, զանազան, որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա, որոնց տակ ծրագրեր են դրված եղել, բայց դա արել են իրենց կրթական կենտրոնների համար, բայց ոչ ընդհանուր համակարգի: 100 մլն դոլար տվել են՝ միջազգային ծրագրերը copy-paste անելու համար, այլ ոչ թե մշակելու, այ էս է եղել մեր համակարգը: Եվ սրան մենք ամեն օր բախվում ենք: Օր ու գիշեր աշխատես՝ այս պրոբլեմներն անընդհատ դուրս են գալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս անհամ մարդուն ինքնահաւանութիւնը յատկապէս անհասկնալի է

    այն տեսակի ուսուցիչներից է, որ կը կարծեն թէ համայն աշխարհը իրենց դասարանն է, եւ ամէն մարդ իրենց աշակերտն է

    իսկ դպրոցը բանակի հետ բաղդատելու այս յղացքը զարմանալի է, նկատի ունենալով որ այս «նախարարը» կարկառուն դէմքերէն մէկն է այն նորելուկ քաղաքական ոհմակին որ հակում ունի ծաղրելու հայոց ազգասիրական ըմբռնողութիւնը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930