«Ընտրական օրենսգրքի տապալման գործընթացի վերաբերյալ ես միշտ շատ խիստ եմ արտահայտվել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ալյանս» կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ինքը տարակուսանքի մեջ է, թե ինչո՞ւ ժողովրդի կողմից հռչակած չորս կարևոր դրույթներից երրորդը տապալվեց. «Հեղափոխությունն իր առջև դրել էր չորս կարևոր դրույթ՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, ժողովրդի թեկնածուի ընտրություն, նոր ընտրական օրենսգրքի ընդունում ու ԱԺ լուծարում: «Ծառուկյան դաշինքն» ու «Ելք» խմբակցությունը կողմ քվեարկեցին նոր ընտրական օրենսգրքին, բայց դրա ընդունումը տապալվեց: Ո՞ւմ էր այն ձեռնտու, թողնում եմ Ձեր հայեցողությանը: Սա նշանակում է վերադարձ նախկին գաղջ մթնոլորտին»:
Տիգրան Ուրիխանյանը գտնում է, որ փոքր քաղաքական ուժերին հին ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելը կանգնեցրել է փակ դռների առաջ. «Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ ռեյտինգային ընտրակարգը հայաստանյան իրականության մեջ ոչ մի կապ չունի քաղաքական օբյեկտիվ որոշումների հետ: Եվ այս պայմաններում քաղաքական հերթական փուլ մտնելիս մենք առաջինը պետք է մտածենք գործընկերների հետ միավորման կամ ավելի շուտ վերամիավորման մասին»: (Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ի իր ելույթում Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրենք առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու են ԲՀԿ-ի հետ:
Ուրիխանյանը հավելեց նաև, որ ինքը ԲՀԿ ցուցակով առաջադրվելու է Արաբկիր-Աջափնյակ-Դավթաշեն վարչական համայնքները միավորող թիվ երկու ընտրատարածքում:
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ